Home / Հայաստան / Դե Վաալ․ «Ադրբեջանը հետաքրքրված է կոնֆլիկտի վերսկսմամբ, բայց հասկանում է հետևանքները»

Դե Վաալ․ «Ադրբեջանը հետաքրքրված է կոնֆլիկտի վերսկսմամբ, բայց հասկանում է հետևանքները»

Ղարաբաղում տիրող ներկա լարումը մասամբ կապված է որոշ արտաքին նախապայմանների հետ․ իրավիճակն Ուկրաինայում շեղում է մեծ տերությունների ուշադրությունը, միևնույն ժամանակ Ադրբեջանում գնալով աճում է Մինսկի գործընթացի ոչ արդյունավետ ընթացքի շուրջ զայրույթը, իսկ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների լարումը Մինսկի խմբի հետ համագործակցությունն ավելի է բարդացնում։ «Ազատություն» ռադիոկայանի կայքի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Կարնեգի հիմնադրամի Կովկասի անվտանգության հարցերով առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը։

«Վերջին շրջանում մենք ականատես եղանք մի քանի տագնապալի միջադեպերի, նույնիսկ Նախիջևանում, որտեղ մինչ օրս խաղաղ իրավիճակ էր տիրում: Կարծում եմ՝ այստեղ լարվածություն սկսելու շահագրգռված կողմը Ադրբեջանն էր, քանի որ որպես կանոն պարտվող կողմն է հակված իրավիճակը լարելուն, միևնույն ժամանակ հայկական կողմի ծավալած գործողությունը հուլիսի 31-ին նույնպես հրահրեց զինադադարի խախտումը, այսպիսով մեղքը երկու կողմերինն է», – ասել է դե Վաալը։

Նա ասել է, որ շատերը հուսով էին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում կայացած հանդիպման ընթացքում հնարավոր կլիներ գալ զինադադարի վերահաստատման պաշտոնական համաձայնության, սակայն հնչեցին երկու կողմերի ընդհանուր հայտարարություններ, որոնք ժամանակավորապես մեղմեցին լարումը։

Դե Վաալը կարծիք է հայտնել, որ կողմերը պատրաստ չեն խաղաղության կամ պատերազմի, Ադրբեջանը, որպես պարտվող կողմ ավելի հետաքրքրված է կոնֆլիկտի վերսկսմամբ: Միևնույն ժամանակ, ըստ փորձագետի, Ադրբեջանը հասկանում է հնարավոր պատերազմի հետևանքները:

«Մյուս կողմից՝ կարծում եմ կողմերից և ոչ մեկը պատրաստ չէ լուրջ զիջումների գնալու հանուն խաղաղության։ Այսպիսով, երկու կողմերին ձեռնտու է ներկա իրավիճակը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին, ի տարբերություն շատերի, ես չեմ տեսնում ռուսական ռազմավարության լուրջ փոփոխություն Կովկասում։ Ռուսաստանը կենտրոնացած է ուկրաինական խնդրի վրա, խնդիր, որում ներգրավված են ռուսական արտաքին քաղաքականության բոլոր ռեսուրսները։ Կարծում եմ՝ Պուտինը Սոչիի հանդիպման կազմակերպմամբ փորձեց աշխարհի առջև հանդես գալ որպես խաղաղարար, սակայն Սոչիի հանդիպումն ավարտվեց, և Պուտինը վերադարձավ իր օրակարգին», – ասե է դե Վաալը։

Մանրամասները՝ այստեղ