Home / Հայաստան / Գնդեվազցիները բողոքի ակցիա կանցկացնեն ոսկու հանքի շահագործումն արգելելու պահանջով

Գնդեվազցիները բողոքի ակցիա կանցկացնեն ոսկու հանքի շահագործումն արգելելու պահանջով

Գնդեվազ գյուղի երիտասարդներն օգոստոսի 30-ին` ժամը 12:00-ին, Ամուլսարում ոսկու հանքի շահագործման նախագծի դեմ բողոքի ակցիա են կազմակերպում։ Այս մասին Epress.am-ն հայտնել է գնդեվազցի Կարեն Բարսեղյանը։ Նա նշել է, որ նախագծի հեղինակ «Գեոթիմ» ընկերությունը, չնայած տեղացիների և բնապահպանների ահազանգերի, չի հրաժարվում հանքի շահագործման նախագծից։

Հիշեցնենք, որ «Գեոթիմ» ՓԲԸ-ն երրորդ անգամ Բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին է ներկայացրել Ամուլսարի հանքարդյունահանման համալիրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը։

Երկու օր առաջ գյուղում անցկացվել են հանրային լսումներ, որոնք լարված մթնոլորտում են անցել։ Լսումներին մասնակցել են նաև այլ գյուղերի բնակիչներ, որոնց մեծ մասը շահագրգռված է հանքի շահագործմամբ այն պատճառով, որ աշխատում է «Գեոթիմի» համար ու այդ հարցերի շուրջ համաձայնության չի գալիս գնդեվազցիների հետ։