Home / Տեսանյութեր / Մեկ գործով տուժողը դարձել է մեկ այլ գործով մեղադրյալ․ նա պնդում է՝ իրեն խոշտանգել են

Մեկ գործով տուժողը դարձել է մեկ այլ գործով մեղադրյալ․ նա պնդում է՝ իրեն խոշտանգել են

Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Արդարադատության նախարարության աշխատակից Սահակ Հարությունյանի և Ալեքսանդր Խաչատրյանի գործի զարգացումներն անմիջականորեն կապված են դրամանենգության մեջ մեղադրվող Բաբկեն Բուդաղյանի գործի հետ։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Բուդաղյանի պաշտպան Գարիկ Մալխասյանը։ Կապն այն է, որ առաջին գործով որպես տուժող անցնող Բուդաղյանի դատական ցուցմունքներից հետո նրան ձերբակալել են այլ՝ դրամանենգության գործով։

«Դրամանենգության գործով Բուդաղյանը անցնում էր որպես վկա, սակայն նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և հետո նրան կալանավորել են։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տուժող Բուդաղյանը դատարանում ցուցմունքներ տվեց՝ ի օգուտ ամբաստանյալներ Հարությունյանի և Խաչատրյանի և բացահայտեց իր դեմ կիրառված խոշտանգումներն ու ճնշումները»,- ասել է Մալխասյանը։

Բաբկեն Բուդաղյանը հայտարարել էր, որ 6-րդ վարչության պետ Եղիշե Պետրոսյանն իրեն փորձել է ստիպել ցուցմունք տալ Արդարադատության նախարարության երկու աշխատակիցների դեմ՝ սպառնալով, որ եթե չանի, մեկ այլ գործով կձերբակալվի։ 

Հիշեցնենք, որ, ըստ պաշտոնյաների դեմ հարուցված գործի, նրանք Բուդաղյանից 400.000 դրամ կաշառք են պահանջել՝ համաներում կիրառելու համար։ Տուժողի ցուցմունքը միակ փաստն է, որով ամբաստանյալները հայտնվել են ճաղերի հետևում։ Ըստ պաշտպանական կողմի՝ Բուդաղյանին խոշտտանգել են այս ցուցմունքը կորզելու համար։ Խոշտանգումների մասին ասել է նաև ինքը՝ Բուդաղյանը, դատարանում։

Այժմ Բուդաղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 20.000 դրամ կեղծելու համար։ Բուղադյանի պաշտպանն ասել է, որ իր պաշտպանյալը դիմել է Օմբուդսմենի գրասենյակ՝ խնդրելով պաշտպանել իրեն ճնշումներից։ Բուդաղյանը գրել է նաև Արարատի ոստիկանության քննչական բաժին, որի վարույթում է գտնվում իր դեմ հարուցված գործը։ Բուդաղյանը խնդրել է իր պաշտպանի ներկայությամբ ցուցմունք տալու իրավունք ստանալ։