Home / Տեսանյութեր / «ՀԱՊԿ-ի զորքերը կարող են գործել Ուկրաինայում»․ ՀՀ ԱԽ-ում այդ թեմայով նյութերի իմաստ չեն տեսնում

«ՀԱՊԿ-ի զորքերը կարող են գործել Ուկրաինայում»․ ՀՀ ԱԽ-ում այդ թեմայով նյութերի իմաստ չեն տեսնում

ՀԱՊԿ-ի խաղաղարար ուժերը պատրաստ են ցանկացած բարդ գործողությունների, այդ թվում՝ անդամ երկրների սահմաններից դուրս, ներառյալ Ուկրաինայում, բայց դրանց օգտագործման վերաբերյալ որոշումը կարող է կայացնել միայն Հավաքական անվտանգության խորհուրդը, որի կազմի մեջ են մտնում անդամ երկրների նախագահները։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ այսօր Մոսկվայում պատասխանելով Ուկրաինայի Արևելքում ՀԱՊԿ խաղաղարար ուժերի օգտագործման հավանականության մասին հարցին։

ՀԱՊԿ զորքերի մուտքը որևէ երկրի տարածք կարող է տեղի ունենալ միայն բոլոր անդամ երկրների կողմից կոնսենսուսով ընդունված որոշումով, Epress.am-ի հետ հեռախոսազրույցում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի ներկայացուցիչը, ով չի ցանկացել ներկայանալ։ Նա նշել է, որ առ այսօր նման հարց քննարկման չի դրվել, նախագահների մասնակցության ժողով չի գումարվել և նման ծրագիր էլ չկա։

ԱԱԽ ներկայացուցիչը Epress.am-ի լրագրողի հետ զրույցում հետաքրքրվել է՝ ինչու է ԶԼՄ-ի ներկայացուցչին այդ հարցը հետաքրքրում, ինչ նպատակով են այդ թեմայով հրապարակումներ արվում և ինչ իմաստ ունեն դրանք։

Այսօր Բորդյուժան նաև ասել է, որ ՀԱՊԿ-ի խաղաղարար ուժերը ձևավորվել են մի քանի տարի առաջ ու մարտական համակարգում են անցել։

«Դրանց կազմի մեջ մտնող զինծառայողները լավ պատրաստվածություն ունեն, զինված են անհրաժեշտ սպառազինությամբ ու տեխնիկական միջոցներով: Նրանց՝ խաղաղարար խնդիրներ լուծելու կարողությունը, այդ թվում՝ հավաքական ուժերի կազմում, գտնվում է բարձր մակարդակի վրա: Նրանք պատրաստ են ցանկացած բարդության խաղաղարար գործողությունների, ինչը ևս մեկ անգամ հաստատվել է վերջերս Ղրղզստանի Հանրապետության տարածքում անցկացված համատեղ զորավարժությունների արդյունքում»,- ասել է Բորդյուժան։

Նշենք՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կազմի մեջ մտնում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը։ 2010 թվականին Ղրղզստանի նախագահ Ռոզա Օթունբաևան դիմել էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին իր երկիր ՀԱՊԿ-ի զորքեր մտցնելու խնդրանքով։ Ղրղզստանում այն ժամանակ ուզբեկ և ղրղզ համայնքների միջև բախումներ էին գրանցվել, սակայն ՀԱՊԿ-ը մերժեց զորքեր մտցնել այդ երկիր, և այդ փաստը քննադատության արժանացավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից։