Home / Տեսանյութեր / Շանթ Հարությունյանը գիտի՝ ինչու է Նալբանդյանը գնացել Թուրքիա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շանթ Հարությունյանը գիտի՝ ինչու է Նալբանդյանը գնացել Թուրքիա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի մասնակցությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը շատ բարձր մակարդակով է եղել։ Նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ ԱՄՆ-ն մասնակցել է ընդամենը Թուրքիայում ԱՄՆ դեսպանության ժամանակավոր հավատարմատարի մակարդակով։ Այս մասին այսօր դատական նիստի ժամանակ հայտարարել է քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը՝ նշելով, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցության մեջ տեսնում է պաշտոնական Մոսկվայի պատվերը։

Նա ասել է, որ, ի տարբերություն ԱՄՆ-ի, Ռուսաստանը մասնակցել է շատ բարձր մակարդակով, մասնավորապես, մի ամբողջ պատվիրակություն է ուղարկել Անկարա, որը ղեկավարել է Պետդումայի նախագահը։

Ըստ Հարությունյանի՝ այս ամենն ապացուցում է, որ այսօր էլ շարունակում է գործել անցյալ դարի 20-ականներին Աթաթուրքի և Լենինի միջև կնքված պայմանագիրը, որը նոր աշխարհագրական պայմաններում թարմացման կարիք ունի, և թարմացվելու է հայ-թուրքական արձանագրություններով։

Քաղբանտարկյալը նշել է, որ հենց Ռուսաստանն է հրահանգել Հայաստանին արտգործնախարարի մակարդակով մասնակցել երդմնակալությանը։ Հարությունյանի խոսքով՝ այսօր, փաստորեն, Նալբանդյանին կարելի է կոչել Ասքանազ Մռավյան (1921-1923 թթ. Հայաստանի խորհրդային հանրապետության արտաքին գործերի կոմիսար), իսկ Սերժ Սարգսյանին՝ Ալեքսանդր Մյասնիկյան (քաղաքական, հասարակական գործիչ, ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության անդամ- խմբ․)։ Քաղբանտարկյալը նշել է, որ Մյասնիկյանի հետ համեմատությունից դժգոհելու առիթ չկա, քանի որ վերջինիս արձանը կանգնեցված է Երևանում, ինչին դատավորը պատասխանել է, թե դա, ըստ էության, մեղադրանք է։

Շանթ Հարությունյանը հիշեցրել է նաև, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը Հայաստանը մասնակցել է միայն դեսպանի մակարդակով, ինչը, ըստ նրա, կրկին Ռուսաստանի օգտին գործելու մասին է վկայում, ինչպես և ՄԱԿ-ում Ղրիմի հարցում Ռուսաստանի օգտին քվեարկելը։

Հարությունյանի խոսքով՝ Նալբանդյանի «հերթական դավաճանական արարքը քողարկելու համար» հրահանգ են կատարում որոշ թուրքագետներ՝ արդարացնելով այդ քայլը և ասելով, որ Նալբանդյանը գնացել էր՝ Էրդողանին ապրիլի 24-ին Հայաստան գալու հրավերը փոխանցելու համար։

«Հայաստանում սովետական կարգերի ժամանակ հակաթուրքական գրականություն թույլ չի տրվել, միայն տպագրվել են գրքեր հայ-պարսկական պատերազմի մասին։ Հակաթուրքական գրականությունը թույլ տրվեց, Ծիծեռնակաբերդը կառուցվեց, մարդիկ սկսեցին Շիրազ կարդալ միայն այն բանից հետո, երբ Թուրքիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ»,- ասել է Շանթ Հարությունյանը։ Ըստ նրա՝ Ռուսաստանը ցանկանում է, որ Թուրքիայի նախագահը ևս գա Ծիծեռնակաբերդ, ծաղիկ դնի, սակայն չի ուզում, որ դա հանգեցնի իրավական պատասխանատվություն կրելուն։