Home / Հայաստան / Եթե սելեկտիվ աբորտները շարունակվեն, մինչև 2060 թվականը Հայաստանում չի ծնվի 100 000 աղջիկ

Եթե սելեկտիվ աբորտները շարունակվեն, մինչև 2060 թվականը Հայաստանում չի ծնվի 100 000 աղջիկ

1993 թվականից ի վեր Հայաստանում մոտ 50.000 տղա երեխա ավել է ծնվել, քան աղջիկ։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը։ Ըստ կանխատեսումների՝ եթե սելեկտիվ աբորտները շարունակվեն նույնքան շատ կիրառվել, որքան հիմա, մինչև 2060 թվականը Հայաստանում չի ծնվի մոտ 100.000 աղջիկ։

«Սելեկտիվ աբորտների խնդիրը Հայաստանում ի հայտ է եկել մոտ 20 տարի առաջ։ Առաջին պատճառը տղա երեխայի նախընտրությունն է, ինչը պայմանավորված է գործող պատրիարխալ համակարգով։ Երկրորդը ծնելիության անկումն է։ Իսկ մենք ունեցանք ծնելիության մոտ երկու անգամ անկում անկախությունից հետո։ Երրորդ պատճառը, թե ինչու է սա համեմատաբար երիտասարդ խնդիր, տեխնոլոգիաների զարգացումն է։ 93 թվականից գերձայնային տեխնիկան հասանելի դարձավ, և սա հնարավորություն տվեց երեխայի սեռը պարզելու և համապատասխան ընտրություն անելու»,- ասել է Հայրապետյանը։

Նշենք, որ սելեկտիվ աբորտների թվով Հայաստանը աշխարհում երրորդ տեղում է՝ Չինաստանից և Ադրբեջանից հետո։

Ըստ ՀՀ Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանի՝ սելեկտիվ աբորտները ծնելիության մակարդակի վրա ազդող միակ գործոնը չէ։ 2002 թվականին ծնվել է 35000 երեխա, ինչը ութ անգամ պակաս է 1990-ականներին գրանցված ցուցանիշից։ Սարիբեկյանի խոսքով՝ քանի որ գնալով ծնելիության մակարդակը նվազում է, ապա տարեցտարի փոքրանում է ծնելիության ներուժը, քիչ թվով մարդիկ ավելի քիչ երեխաներ կունենան։