Գլխավոր / Տեսանյութեր / Դեռ պարզ չէ՝ արդյոք Ինջիղուլյանի ընտանիքը կկարողանա տեսակցել նրան երրորդ երկրում

Դեռ պարզ չէ՝ արդյոք Ինջիղուլյանի ընտանիքը կկարողանա տեսակցել նրան երրորդ երկրում

2013-ի օգոստոսին Ադրբեջանում գերի ընկած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի մայրն այսօր հեռախոսով զրուցել է որդու հետ, ով երրորդ երկիր տեղափոխվելու ճանապարհին է եղել։ Epress.am-ի հետ զրույցում Գայանե Ինջիղուլյանը (լուսանկարում՝ աջից) նշել է, որ որդին դեռ չի իմացել, թե որ երկիրն է իրեն ապաստան տալու։

«Ընդամենը երկու րոպե եմ խոսացել, նա ինքը չգիտի՝ ուր են իրեն տանելու։ Միայն ասել է, որ լավ է, առողջական խնդիրներ չունի»,- ասել է Ինջիղուլյանը։

Նրա խոսքով՝ դեռ հայտնի չէ՝ արդյոք Հակոբը կցանկանա վերադառնալ հայրենիք, կամ արդյոք Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն թույլ կտա, որպեսզի իրենք՝ Հակոբի ընտանիքի անդամները, գնան հարազատին այցելելու։

Հիշեցնենք, որ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը 2013 թվականի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ծառայությունն իրականացնելու ընթացքում տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատել էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը և հայտնվել հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: