Home / Հայաստան / «Երբեք չենք հանձնի մեր անկախությունը»․ Նազարբաևը չի բացառում ԵՏՄ-ից դուրս գալը

«Երբեք չենք հանձնի մեր անկախությունը»․ Նազարբաևը չի բացառում ԵՏՄ-ից դուրս գալը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է Եվրասիական տնտեսական միությունից Ղազախստանի դուրս գալու հավանականության մասին։

Newsru.com կայքի փոխանցմամբ՝ «Խաբար» հեռուստաալիքի հետ զրույցում Նազարբաևը հայտարարել է․ «Եթե պայմանագրում ավելի վաղ հաստատված կանոնները չեն կատարվում, ապա Ղազախստանն իրավունք ունի հրաժարվել Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից։ Աստանան երբեք չի լինի այնպիսի կազմակերպությունների կազմում, որոնք սպառնում են Ղազախստանի անկախությանը»։

«Մեր անկախությունը մեր ամենաթանկ գանձն է, որի համար պայքարել են մեր պապերը։ Առաջինը` մենք երբեք չենք հանձնի մեր անկախությունը, և երկրորդ` մենք կանենք ամեն ինչ՝ այն պահպանելու համար»,- ասել է Ղազախստանի նախագահը։

Կայքի համաձայն՝ Ղազախստանի նախագահի հայտարարությունը, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ օգոստոսի 29-ին ելույթ ունենալով «Սելիգեր» երիտասարդական ֆորումում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Նազարբաևը պետություն է ստեղծել մի տարածքում, «որտեղ պետություն երբեք չի եղել»։

«Նազարբաևի հարցազրույցը, սակայն, հրապարակվել է Պուտինի ելույթից երկու օր առաջ»,- նշում է Newsru.com-ը։

Նշենք՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, որի կազմի մեջ մտնում են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը, նախատեսված է 2014 թվականի հոկտեմբերին։