Home / Հայաստան / Մարտի 1-ին զոհվածի մայրը հույսը կապում է միայն Եվրադատարանի հետ․ «ՀԺ»

Մարտի 1-ին զոհվածի մայրը հույսը կապում է միայն Եվրադատարանի հետ․ «ՀԺ»

2008 թվականի մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը հույսը չի կապում ՀՀ արդարադատության համակարգի հետ։ Այս մասին նա ասել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում։

«Ես այս հանցավոր իշխանության արդարադատությունից ոչ մի սպասելիք չունեմ, իմ հույսը Եվրադատարանն է։ Հանցավոր իշխանությունն անպատիժ կմնա, քանի իշխանափոխություն չի եղել», – ասել է զոհվածի մայրը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործով քննչական խումբը մեկ տարի է ղեկավար չունի, իսկ ՀՔԾ-ն հրաժարվում է որևէ տեղեկություն հայտնել, թե ինչ փուլում է գործով քննությունը։

Ալլա Հովհաննիսյանը քաղաքական ապաստան է ստացել Բելգիայում և տևական ժամանակ է այնտեղ է ապրում։

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանական ուժերը բռնության գործադրմամբ ցրել են ընդդիմության վրանային քաղաքը։ 2008-ի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիրները 10 օր խաղաղ հավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում։ Նույն օրը՝ մի քանի ժամ անց, մարդիկ հավաքվել են Գրիգոր Լուսավորիչ փողոցում։ Երեկոյան ցուցարարների դեմ հրազեն է կիրառվել։ Սպանվել է 10 մարդ՝ 2 ոստիկան և 8 քաղաքացիական անձ։ Մինչ օրս սպանությունների համար ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ոչ ոք չի դատապարտվել։