Home / Հայաստան / Վարչապետը Վայոց Ձորի մարզպետից պահանջել է դիմում գրել․ վերջինս վիճել էր Ծառուկյանի հետ

Վարչապետը Վայոց Ձորի մարզպետից պահանջել է դիմում գրել․ վերջինս վիճել էր Ծառուկյանի հետ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանից պահանջել է ազատման դիմում գրել, քանի որ վերջինս երկու տարի առաջ խնդիրներ է ունեցել վարչապետի խնամի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Թերթը հիշեցնում է, որ 2012-ի խորհրդարանական ընտրություններին՝ ՀՀԿ-ի քարոզարշավի ժամանակ, մարզպետն ասել էր. «Եթե ձայն տվեցիք ԲՀԿ-ին՝ ձեզ մի հատ զիբիլի ավտո է տալու…», ինչին ի պատասխան՝ ԲՀԿ առաջնորդը հայտարարել էր. «…Այս 4 ամիսների ընթացքում արդեն ժողովուրդն իր գնահատականը տվել է, որին ասում են՝ «ծիրանի ցոգոլ»: Թե երբ պիտի հասնի՝ ես չգիտեմ»:

«Հրապարակ»-ը գրում է, որ Աբրահամյանը Վայոց Ձորի մարզպետին «դիմում գրելու» հանձնարարականը տվել է մի քանի օր առաջ:

«Երբ վերջինս զարմանք է հայտնել, նրան պարզապես հիշեցրել են 2012-ի փոխհրաձգությունը խնամի Ծառուկյանի հետ: Մարզպետը, ենթադրելով, որ վարչապետն անձնական նախաձեռնություն է դրսևորել, դիմել է Սերժ Սարգսյանին: Վերջինս լսել է նրան և ասել՝ դիմումը գրիր, մի բան կմտածեմ քեզ համար: Մեր տեղեկություններով, առաջիկա հինգշաբթի օրը կառավարության նիստում հաստատվելու է մարզպետի հրաժարականը: Երեկ նա արդեն աշխատանքի չէր գնացել», – գրում է թերթը: