Home / Տեսանյութեր / «ԵՄ-ին հավատարիմ»․ Հայրիկյանը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«ԵՄ-ին հավատարիմ»․ Հայրիկյանը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր նախագահական նստավայր է հանձնել ուղերձ, որով պահանջում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Այս պահանջը չկատարելու դեպքում Հայրիկյանը խոստացել է սեպտեմբերի 8-ին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում, որին հաջորդելու է երթ դեպի նախագահական նստավայր։ ԱԻՄ առաջնորդը պատրաստվում է նախագահականի դիմաց հացադուլ հայտարարել։

Հայրիկյանը լրագրողների հետ զրույցում հոռետեսական կանխատեսումներ է արել Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Նա, մասնավորապես, նշել է, որ Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ հայտարարված պատժամիջոցները կարող են բացասաբար ազդել նաև Հայաստանի վրա՝ շրջափակման մեջ առնելով երկիրը։ Ըստ Հայրիկյանի՝ եթե Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում զարգամցումները նույն ոգով ընթանան, հնարավոր է նաև Վրաստան-Ռուսաստան սահմանի փակում, ինչը ճակատագրական կարող է լինել Հայաստանի համար։

«Մենք մեկ անգամ արդեն պատժվել ենք ռուսասիրության համար։ Երբ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանությունը, դա նրա համար չէր, որ մենք անկախություն էինք ուզում։ Թուրքերն ասում էին՝ գոնե անկախություն ուզեին հայերը, բայց ցանկանում են մեր դարավոր թշնամուն (ռուսներին-խմբ․) բերել տարածաշրջան»,-ասել է Հայրիկյանը։

Նա նշել է նաև, որ ամաչում է՝ տեսնելով հրապարակումներ այն մասին, թե հայ բիզնեսմեները ուրախանում են, որ Ռուսաստանը արգելել է ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից սննդամթերքի ներկրումը։ Քաղաքական գործչի խոսքով՝ նրանք ցանկանում են շահույթ ստանալ ուրիշի դժբախտության վրա։

Նախագահական ուղերձը հանձնելուց առաջ Հայրիկյանն ընթերցել է այն հավաքված լրագրողների համար։

«Այժմ արդեն ավելի քան ակնհայտ է, որ վիճակը կարող է նույնիսկ ճգնաժամային դառնալ։ Անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել և պուտինյան Ռուսաստանի խամաճիկի կարգավիճակում հայտնված Հայաստանը զերծ պահել միջազգային մեկուսացման և պատժամիջոցների թիրախ դառնալու կործանարար վտանգից։ Որպես առաջին քայլ Դուք պետք է հրաժարական տաք և իշխանությունը փոխանցեք եվրոպամետ ուժերի, որոնք էլ անմիջապես պետք է ազդարարեն վերջին տարիներին որդեգրված ԵՄ ասոցացման պայմանագրին հավատարիմ մնալու Հայաստանի դիրքորոշման մասին»,- մասնավարապես ասված է Սարգսյանին ուղղված Հայրիկյանի ուղերձում։