Home / Տեսանյութեր / Արևմուտքը վստահությունը կորցրել է․ Հայաստանը ՄՄ կմտնի Ղրղզստանի շնորհիվ․ փորձագետ

Արևմուտքը վստահությունը կորցրել է․ Հայաստանը ՄՄ կմտնի Ղրղզստանի շնորհիվ․ փորձագետ

Հայաստանը, թեև ուղիղ մեկ տարի առաջ հայտարարել է Մաքսային միություն մտնելու պատրաստակամության մասին, մինչ այժմ դա չի արել տեխնիկական և քաղաքական պատճառներով։ Այս մասին այսօր Epress․am-ի հետ զրույցում ասել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։

«2013-ի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը մտնելու է Մաքսային միություն, ավելի ճիշտ, Սարգսյանն ընդամենը ընթերցեց Վլադիմիր Պուտինի որոշումն այն մասին, որ Հայաստանը պետք է մտնի Մաքսային միություն։ Բայց դա հինգ րոպեում լուծվող հարց չէ՝ նոր տնտեսական միություն մտնելը։ Գործընթացը երկար է տևում նախ կազմակերպչական պատճառներով, քանի որ ժամանակ է պետք հարյուր հազարավոր ապրանքների մաքսաչափերը որոշելու համար։ Երկրորդ պատճառը քաղաքական է և կապված է Ղրղզստանի՝ ՄՄ մտնելու հետ։ Այդ հարցը ևս լուծված է», – ասել է Արմեն Բադալյանը։

Հայաստանի և Ղրղզստանի մուտքերի կապի մասին խոսելով՝ փորձագետը նշել է, որ Հայաստանը, ՄՄ-ին անդամակցելով, մշտապես քվեարկելու է Ռուսաստանի պես, ինչը կարող է խախտել ՄՄ-ում առկա վիճակը, որտեղ Ռուսաստանին հակակշռող Բելառուս և Ղազախստան կան։ Ղրղզստանը ՄՄ-ում կրելու է Ղազախստանի ազդեցությունը, այսինքն՝ Ղրղզստանի և Հայաստանի միաժամանակյա մուտքից հետո այդ կառույցում ոչ մի էական քաղաքական փոփոխություն չի լինի։ Բադալյանի խոսքով՝ Բելառուսը և Ղազախստանն այլևս դեմ չեն Հայաստանի անդամությանը, քանի որ Ղրղզստանը ևս մտնում է ՄՄ։

Փորձագետն անհավանական է համարում Ղազախստանի՝ ՄՄ-ից դուրս գալը։ Նրա խոսքով՝ նման հայտարարությունները քաղաքական են, քանի որ և՛ Բելառուսը, և՛ Ղազախստանը իրենց շահերն ունեն ՄՄ-ում։ Բադալյանն ասել է, որ բոլոր նման կառույցներում էլ անդամները հակասություններ ունենում են, օրինակ, Եվրամիության անդամները ևս ունեն հակասություններ, իսկ Եվրախորհրդարանի ընտրություններում մեծ թվով քվե են ստացել այն կուսակցությունները, որոնք սկեպտիկ վերաբերմունք ունեն ԵՄ ապագայի վերաբերյալ։

Վերադառնալով 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի շուրջ տեղի ունեցած քաղաքական զարգացումներին՝ Բադալյանն ասել է, որ Հայաստանն այլևս չունի Արևմուտքի վստահությունը։

«Չգիտես ինչու՝ Արևմուտքը վստահ էր, որ Սարգսյանն արևմտյան արժեքներ կրող նախագահ է, և իր երկիրը մինչև վերջ պատրաստ է տանել եվրաինտեգրման, ինչպես պատրաստ էին Վրաստանը և Մոլդովան։ Սեպտեմբերին 3-ին նրանք հասկացան, որ Սերժ Սարգսյանը ոչ թե արևմտյան արժեքների կրող է, այլ աթոռը պահելու նպատակ ունի միայն։ Արևմուտքը այնքան է կորցրել վստահությունը Հայաստանի հանդեպ, որ ոչ մի բարձրաստիճան եվրոպական պաշտոնյա Հայաստան չի եկել։ Կրճատվել են նաև պետությանը տրվող դրամաշնորհները»,- ասել է Բադալյանը։