Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը փոխեց Քրեակատարողական վարչության պետին

Սերժ Սարգսյանը փոխեց Քրեակատարողական վարչության պետին

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով քրեակատարողական վարչության պետի պաշտոնից ազատվել է Հայկ Հարությունյանը։ Մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Արթուր Օսիկյանը (լուսանկարում)։

Ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը մինչ օրս զբաղեցնում էր ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնը։

Ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը պաշտոնը զբաղեցնում էր 2010 թվականի մայիսի 28-ից։ 2003-ից 2008թթ․ Հարությունյանը զբաղեցրել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնը, որից ազատվել է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո՝ նշանակվելով ՀՀ պահպանության պետական ծառայության պետ և այդ պաշտոնում պաշտոնավարելով 2 տարի։

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանական ուժերը բռնության գործադրմամբ ցրել են ընդդիմության վրանային քաղաքը։ 2008-ի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիրները 10 օր խաղաղ հավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում։ Նույն օրը՝ մի քանի ժամ անց, մարդիկ հավաքվել են Գրիգոր Լուսավորիչ փողոցում։ Երեկոյան ցուցարարների դեմ հրազեն է կիրառվել։ Սպանվել է 10 մարդ՝ 2 ոստիկան և 8 քաղաքացիական անձ։ Մինչ օրս սպանությունների համար ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ոչ ոք չի դատապարտվել։ 

Լուսանկարը՝ hy.wikipedia.org