Home / Հայաստան / Պորոշենկոն ու Պուտինը պայմանավորվել են Ուկրաինայում կրակի դադարեցման մասին

Պորոշենկոն ու Պուտինը պայմանավորվել են Ուկրաինայում կրակի դադարեցման մասին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ հղում կատարելով երկրի նախագահի մամուլի ծառայությանը։

«Հեռախոսազրույցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Դոնբասում կրակի մշտական դադարեցման վերաբերյալ: Ձեռք է բերվել փոխհամաձայնություն խաղաղության հաստատմանը նպաստող քայլերի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Պորոշենկոն ու Պուտինը «կարծիքներ են փոխանակել, թե որոնք են առաջնահերթ քայլերը՝ Ուկրաինայի հարավ-արևելքում արյունահեղության շուտափույթ դադարեցման համար»՝ չնշելով, սակայն, երկրների ղեկավարների որևէ համաձայնության մասին։

Նշենք՝ վերջին շաբաթվա ընթացքում ռուսաստանյան ԶԼՄ-ներում փաստեր են հրապարակվում ՌԴ Զինված ուժերի ծառայողների՝ Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններին մասնակցելու մասին։ Այնուամենայնիվ, ՌԴ-ն մինչ օրս հերքում էր, թե զորամիավորումներ է ուղարկում Ուկրաինա և մասնակցում է ռազմական գործողություններին, սակայն այս պահին պայմանավորվում է կրակի դադարեցման մասին։