Home / Հայաստան / Դատապարտյալներին հեռախոսից չզրկելը կվերացնի կոռուպցիոն ռիսկը․ փաստաբան

Դատապարտյալներին հեռախոսից չզրկելը կվերացնի կոռուպցիոն ռիսկը․ փաստաբան

Որևէ տրամաբանություն չկա դատապարտյալին զրկել հեռախոս ունենալուց և զանգեր կատարելուց, եթե նրա պատիժը չի ենթադրում նաև հասարակությունից մեկուսացում։ Այս մասին այսօր Epress.am-ին ասել է փաստաբան Լուսինե Սահակյանը։ Նշենք, որ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր լրագրողներին ասել է, որ նախարարությունն ուսումնասիրում է միջազգային փորձը և մինչև տարեվերջ հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ՝ հեռախոսային և ինտերնետ կապը ՔՀԿ-ներում թույլատրելու վերաբերյալ։

Լուսինե Սահակյանի խոսքով՝ փաստաբանական համայնքը վաղուց պայքարում է դատապարտյալների՝ հարազատների հետ շփվելու միջոցներ թույլ տալու համար։

«Միևնույն է, դատապարտյալները զանգահարում են տուն, ուղղակի դա անում են ոչ օրինական ճանապարհով։ Եթե օրենք ընդունեն, կոռուպցիոն ռիսկը ամբողջությամբ կվերանա»,- ասել է Սահակյանը։