Home / Տեսանյութեր / Մերկ էլ լինի, չպիտի բռնաբարվի․ իրավապաշտպանը՝ ոստիկանության խորհուրդների մասին

Մերկ էլ լինի, չպիտի բռնաբարվի․ իրավապաշտպանը՝ ոստիկանության խորհուրդների մասին

Ոստիկանությունն իր կայքում կանանց՝ բռնաբարությունից խուսափելու խորհուրդները հրապարակելով, ավելի է ամրապնդում հասարակության մեջ առկա կարծրատիպերը, դրանց դեմ պայքարելու փոխարեն։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Լարա Ահարոնյանը։

Նշենք, որ այսօր Civilnet.tv-ն ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ոստիկանության կայքում «Կանացի անվտանգություն» խորագիրը կրող բաժնում առկա խորհուրդներից մի քանիսը։ Խորհուրդները սոցցանցում դարձել են քննարկման և քննադատության առարկա։

Ոստիկանությունը, մասնավորապես, հետևյալ խորհուրդներն է տալիս կանանց․

– Երեկոյան ժամերին զբոսնելիս աշխատեք այնպիսի հագուստ կրել, որը չի սահմանափակի ձեր շարժումները և չի գայթակղի հնարավոր մոլագարներին: Երկար վարսեր ունեցողներին խորհուրդ է տրվում մազերը հավաքած պահել, քանի որ դրանք, ինչպես նաև` վզնոցները, կարող են հարձակման ժամանակ հանցագործի համար «գործիք» հանդիսանալ: Աշխատեք ձեռքերը չծանրաբեռնել պայուսակներով:

– Հարձակման ժամանակ կնոջ համառ դիմադրությունը երբեմն ավելի է գրգռում դիմացինին: Առավել ցանկալի է հոգեբանական «հարձակումը», քանի որ կնոջ համար դժվար է տղամարդու նկատմամբ համարժեք ֆիզիկական ուժ կիրառել: Ամեն գնով անհրաժեշտ է ժամանակ շահել, ասենք` առաջարկել «ագրեսորին» մի տեղ նստել, մի բան խմել, քննարկել. այս մարտավարությունը կարող է հնարավորություն ընձեռել հարձակվողին մարդաշատ վայր տեղափոխել: Առավել զգուշավորություն է պետք ցուցաբերել զինված հանցագործի հետ շփվելիս: Խուճապը, լացն ու բղավոցը կարող են հանցագործին դրդել դիմելու վտանգավոր միջոցների:

«Ոստիկանությունը առանձնացում է կանացի անվտանգությունը և ասում, որ պաշտպանված լինելու համար կինը որոշակի վարք պետք է ձևավորի։ Այսինքն՝ ոստիկանությունը ամրապնդում է այն կարծրատիպերը, որ արդեն կան։ Մասնավորապես, այն կարծրատիպը, թե եթե բռնաբարվել է, ապա մի բան հաստատ արել է, հաստատ կարճ էր հագել և այլն։ Ոստիկանությունն էլ է փաստորեն այդ կարծրատիպը պաշտպանում։ Նրանք պետք է փոխեն այդ մտածելակերպը։ Ոստիկանությունը պետք է ասի՝ բռնաբարությունը ոճիր է և պատժվում է ՀՀ-ում, Ոստիկանությունը պետք է տեղեկացնի՝ ինչպիսի պատիժ է սպասվում բռնաբարող անձին։ Ոստիկանությունը պետք է ասի՝ մի բռնաբարիր, ոչ թե ասի կանանց՝ ինչ անել, որ չբռնաբարվել», – նշել է Լարա Ահարոնյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ ՀՀ ոստիկանությունը միայն հրապարակային հայտարարություններով չէ, որ ապացուցում է կարծրատիպերով շարժվելը, այլև կոնկրետ գործերի քննությամբ։ Մասնավորապես, 28-ամյա բռնաբարված կնոջ գործով (անունը գաղտնի է պահվում) Ոստիկանությունն առաջ է տանում վարկածը, թե կինը ուշ ժամերին համաձայնել է հանդիպել իրեն հետագայում բռնաբարած անձի հետ, նշում է, թե կինը շփվել է նրա հետ, թե տեղի ունեցածը բռնաբարություն չէր, այլ սեռական ակտ կողմերի համաձայնությամբ։

«Կինը մերկ էլ քայլի փողոցով, չպետք է բռնաբարվի։ Նման հայտարարություններ անելուց հետո՝ ՀՀ ոստիկանություն ավելի քիչ կանայք կդիմեն, առանց այն էլ չեն դիմում՝ վախենալով, որ իրենց են մեղադրելու»,- ասել է Ահարոնյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ Ոստիկանությունը խորհուրդները հրապարակելուց առաջ չի խորհրդակցել կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ների հետ, որոնք կարող էին բացատրել խնդրի նրբությունները և օգնել ավելի պրոֆեսիոնալ խորհուրդներ մշակել։