Home / Հայաստան / ՔԿՎ-ի աշխատակիցներին չեն պատժի․ Օմբուդսմենի դիմումի հիման վրա հարուցված քրգործը կարճվել է․ «ՀԺ»

ՔԿՎ-ի աշխատակիցներին չեն պատժի․ Օմբուդսմենի դիմումի հիման վրա հարուցված քրգործը կարճվել է․ «ՀԺ»

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը կարճվել է, գրում է «Հայկական ժամանակը»։

Հիշեցնենք, որ 32-ամյա Արման Գասպարյանը դիմել էր Օմբուդսմենին և հայտնել, որ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել և հայհոյել: Նա Պաշտպանին էր ներկայացրել նաև ձայնագրություն, որը, ըստ Արմանի, վկայում է միջադեպի մասին:

Երիտասարդը պատմել էր, որ մարտի 24-ին իր մեքենայով ընկերոջը տարել է Արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների կատարման շենք: Կառույցի աշխատակիցները ընկերոջն ընդունելուց հետո հրավիրել են նրան սենյակ, որտեղ ներկա են եղել 4-5 համազգեստով անձիք և բռնություն գործադրել նրա հանդեպ:

Այս առիթով Պաշտպանը դիմել էր Հատուկ քննչական ծառայություն և Արդարադատության նախարարություն` միջնորդելով համապատասխան միջոցներ ձեռնարկել և տեղեկացնել արդյունքների մասին:

Երեկ «ՀԺ»-ն ՀՔԾ-ից տեղեկացել է, որ սույն գործի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալներ են ներգրավվել ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատակիցներ Տիգրան Պետրոսյանը և Տիգրան Մալխասյանը։

«Սակայն հետագա նախաքննության ընթացքում ձեռք չի բերվել ապացույցների բավարար համակցություն՝ մեղադրական եզրակացություն կազմելու համար, ինչի պատճառով քրեական գործով վարույթը կարճվել է», – ասված է ՀՔԾ-ի պատասխանում։