Home / Տեսանյութեր / «Կարգավորումն առաջնահերթություն չէ»․ Ամերիկացի փորձագետը՝ Ղարաբաղի մասին զրույցի առիթ

«Կարգավորումն առաջնահերթություն չէ»․ Ամերիկացի փորձագետը՝ Ղարաբաղի մասին զրույցի առիթ

Վերջին օրերին խմբագրության էլ. փոստի հասցեին Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված հերթական քննարկմանը մասնակցելու ու այն լուսաբանելու բազմաթիվ հրավերներ էին գալիս։ Սովորական դարձած հակամարտության մասին զրուցելու առիթ է դարձել ամերիկացի փորձագետ, «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան, Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալի այցը Երևան ու նրա «Սև այգի» գրքի երկրորդ հրատարակության՝ ռուսերեն ու հայերեն լեզուներով թարգմանությունների շնորհանդեսը։ Գրքի անվանումը թուրքերեն «ղարա» և «բաղ» բառերի բառացի թարգմանությունն է։ Դե Վաալի աշխատանքը հայ-ադրբեջանական հակամարտության մասին ամենամեջբերվող ու քննարկվող գիրքն է, քանի որ հեղինակը հավասարապես բարյացակամ ու հավասարապես քննադատական մոտեցում է ցուցաբերում հակամարտության կողմերին։ «Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ զարգացումներ և հնարավոր հեռանկար» թեմայով Մեդիա կենտրոնում այսօր հրավիրված քննարկմանը դե Վաալի աշխատանքն այսպես է բնութագրել հանդիպման մոդերատոր Մարկ Գրիգորյանը, ով «Բի-Բի-Սի»-ի ռուսաստանյան ծառայությունում տասը տարի աշխատելուց հետո վերադարձել է Երևան ու քաղաքական թոք-շոու է վարում «Արմենիա» հեռուստաընկերությունում։

Նրանց կողքին նստած էր երևանյան «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։ Նա բարձր գնահատեց «Սև այգու» լրամշակված հրատարակությունը՝ ավելի շատ իրատեսություն ու ավելի քիչ լավատեսություն պարունակելու համար։ Երևանի հետ ուղիղ տեսակապի մեջ էր Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի ադրբեջանական գրասենյակի տնօրեն Շահին Ռզաևը։ Վերջինս գտնվում է Թբիլիսիում, բայց, ինչպես ավելի ուշ պարզվեց, դա կապված չէ Ադրբեջանում լրագրողների ու իրավապաշտպանների նկատմամբ կիրառվող ճնշումների հետ։ «Ես այստեղ գործերով եմ»,- ասաց Ռզաևը, երբ Մինասյանը Վրաստանում նրա գտնվելը կապեց գործընկերներ Ռաուֆ Միրկադիրովի և Արիֆ Յունուսի ձերբակալված լինելու փաստի հետ։

բանակցությունների մասին

Դե Վաալը նախ տեղեկացրել է, որ գրքի պաշտոնական շնորհանդեսները կկայանան այսօր երեկոյան ու վաղը, ինչից հետո անցավ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին։ Խնդրի լուծման բացակայությունը, նրա խոսքով, դանդաղեցնում է Հայաստանի ու Ադրբեջանի զարգացումը․ խաղաղությունը կհանգեցնի Հայաստանի սահմանների ապաշրջափակման, իսկ Բաքուն, Երևանի հետ հաշտվելով, կկարողանա նվազեցնել կախվածության աստիճանը Ռուսաստանից ու Իրանից։

Միևնույն ժամանակ, խնդրի լուծման նախապայմաններ փորձագետը չի տեսնում․ «Եթե 90-ականներին բանակցային գործընթացին ներգրավված էր մի քանի մարդ Երևանից, Բաքվից ու Ստեփանակերտից, ապա այսօր շրջանակը նեղացել է ու մնացել են երկուսը՝ Սարգսյանն ու Ալիևը։ Բանակցային գործընթացը բովանդակություն չունի, կոնկրետ խնդիրների շուրջ քննարկումներ չկան։ Այն, ինչ կարդում եմ այստեղ ու այնտեղ, կամ հայրենասիրական հռետորաբանություն է, որը մենք անգիր գիտենք, կամ չոր տեղեկատվություն»։ 

Փորձագետի խոսքով՝ բանակցային գործընթացին պետք է ներգրավել մեծ թվով մարդկանց, այդ թվում՝ փորձագետների, ու քննարկումներ անցկացնել կոնկրետ հարցերի շուրջ, օրինակ, Ղարաբաղի կարգավիճակն ու Լաչինի միջանցքը։

Շահին Ռզաևը, իր հերթին, նշեց, որ կասկածում է, թե Ադրբեջանը կկարողանա նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը․ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում Ադրբեջանում Ռուսաստանի ազդեցությունն էլ ավելի կմեծանա, քանի որ դա կնշանակի, որ Ռուսաստանն արդեն ճնշում է գործադրել Հայաստանի վրա, ու դրա դիմաց կպահանջի, որպեսզի Ադրբեջանը միանա Եվրասիական միությանը»։

Ալիևի ու Սարգսյանի անձնական հակակրանքը

Ինչ վերաբերում է Ադրբեջանում ռազմական հռետորաբանությանը, ապա, Ռզաևի խոսքով, դրա մակարդակի վրա կարող է ազդել Հայաստանը․ «Հայաստանում կարծում են՝ պատերազմն ավարտվել է։ 1994 թվականին համաձայնագիր է ստորագրվել, եկեք ապրենք խաղաղ ու բարիդրացիական հարաբերություններ զարգացնենք։ Իսկ Ադրբեջանում համոզված են, որ պատերազմը շարունակվում է, քանի որ տարածքները օկուպացված են, իսկ փախստականները չեն վերադարձել հայրենիք։ Ռազմական հռետորաբանությունը կնվազի, երբ այս ուղղությամբ որևէ քայլ ձեռնարկվի»։

Ռզաևի կարծիքով՝ բանակցային գործընթացին խոչընդոտում է նաև Իլհամ Ալիևի ու Սերժ Սարգսյանի փոխադարձ անձնական հակակրանքը։ «Ալիևն ու Սարգսյանը միմյանց չեն սիրում»,- նշեց բաքվեցի փորձագետը՝ հավելելով, որ Հեյդար Ալիևն ու Լևոն Տեր-Պետրոսյանը համաձայնության գալու ավելի մեծ հնարավորություն ունեին․ «Նրանք այլ տրամաչափի քաղաքական գործիչներ են»։

Ռզաևի հետ չհամաձայնեց Սերգեյ Մինասյանը, ով նշեց, որ ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանում, Ադրբեջանում և դե ֆակտո Լեռնային Ղարաբաղում ազգաշինության անհրաժեշտ տարր է, ու խնդրի լուծման հարցը որևէ կապ չունի երկրների ղեկավարների անձանց հետ․ «Համամիտ եմ, որ 90-ականներին կարգավորման ավելի մեծ թվով հնարավորություններ կային, բայց այսօր երկրի ղեկին լինելով՝ հակամարտությունն ի վիճակի չէին լինի կարգավորել ոչ Տեր-Պետրոսյանը, ոչ Սպինոզան»։ Իսկ լրագրողները, փորձագետներն ու այլ հասարակական գործիչները, Մինասյանի կարծիքով, կարող են նպաստել լարվածության նվազեցմանը՝ ձեռնարկելով իրենց հասարակություններում ինչ-որ տեղ չընդունված քայլեր։

Բաքուն նույնպես չի ուզում

Ռզաևին հարցով դիմեց երևանցի լրագրող՝ ո՞րն է Ադրբեջանի իշխանությունների զիջումների առավելագույն սահմանը։

Ադրբեջանցի փորձագետն անդրադարձավ Մադրիդյան սկզբունքներին, Ղարաբաղի՝ դե յուրե Ադրբեջանի մաս, դե ֆակտո անկախ լինելուն, խոսեց փախստականների վերադարձի ու 15-20 տարվա վաղեմություն ունեցող հանրաքվեի մասին։ Միևնույն ժամանակ, սակայն, Ռզաևը նշեց, որ եթե անգամ սեղանին համապատասխան փաստաթուղթ լինի, Բաքուն վերջին պահին մի պատրվակ կգտնի, որպեսզի այն չստորագրի։ «Ադրբեջանի իշխանությունները վերջին պահին կհրաժարվեն ստորագրելուց, ինչպես եղավ Կազանում։ Քանի դեռ կա նավթ, հակամարտության կարգավորումն Ադրբեջանի համար առաջնային խնդիր չի լինի։ Հակամարտության կարգավորումը առաջնահերթություն չէ ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար, այլև՝ Հայաստանի ու Ադրբեջանի։ Հենց դա է պատճառը, որ հակամարտությունը չի կարգավորվում»։

Երբ Ռզաևը խոսում էր փախստականների վերադարձի, Ղարաբաղի կարգավիճակի ու հանրաքվեի մասին, դահլիճում քմծիծաղ լսվեց։ Քմծիծաղում էին երևանյան հեռուստաալիքների աշխատակիցները, որոնք էլ հենց հեռարձակում են այն ռազմական հռետորաբանությունը, որը «Սև այգի» գրքի հեղինակն այս տարիների ընթացքում արդեն անգիր է արել։

Յուրի Մ․