Home / Հայաստան / Ադրբեջանում պահվող գերիի կորելու մասին հաղորդում է ներկայացվել անհետանալուց 10 օր անց

Ադրբեջանում պահվող գերիի կորելու մասին հաղորդում է ներկայացվել անհետանալուց 10 օր անց

Ադրբեջանում պահվող գերի, Նոյեմբերյանի բնակիչ Սարգիս Անանյանի քույրը սեպտեմբերի 4-ին եղբոր կորելու մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ Այս մասին Epress.am-ին հայտնել է Ոստիկանության հասարակության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները Հայաստանի քաղաքացու սահմանը անցնելու մասին գրել էին դեռ օգոստոսի 26-ին, սակայն ՀՀ ոստիկանություն նշել էր, որ կորած անձի մասին հաղորդում չի ստացել։

Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակեցին Անանյանի նկարը, սակայն ՀՀ ոստիկանությունը դարձյալ նշել էր, որ Նոյեմբերյանի բնակչի կորելու մասին հաղորդում չի ստացել։

«Երբ Անանյանի նկարը հրապարակեցին ադրբեջանական ԶԼՄ-ները, ոստիկանությունը սկսեց քննություն տանել, երբ նրա քույրը ներկայացրեց բողոք, արդեն սկսվեց գործով նյութեր նախապատրաստվել»,- ասել է Արմեն Մալխասյանը։