Home / Հայաստան / Ոչ իշխանական ուժերի պատգամավորներն առաջարկում են ԱԺ-ում քննարկել արտագաղթի հարցը

Ոչ իշխանական ուժերի պատգամավորներն առաջարկում են ԱԺ-ում քննարկել արտագաղթի հարցը

Այսօր մեկնարկած Ազգային ժողովի նոր նստաշրջանում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը և «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն առաջարկել են արտագաղթի խնդիրը քննարկել խորհրդարանում։

Արամ Մանուկյանը նշել է, որ արտագաղթի հարցը խիստ հրատապ է, ու դա իշխանության և ընդդիմության խնդիր չէ։ Նրա խոսքով՝ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները վերջին ամիսներին ուսումնասիրություններ են կատարել դաշտում՝ արձանագրելով Հայաստանում առկա ժողովրդագրական փոփոխությունները, և այժմ իրենք անհրաժեշտ են համարում, որպեսզի այդ ուսումնասիրությունները ներկայացվեն Ազգային ժողովում։

Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել հարցի քննարկումն ԱԺ-ում անցկացնել յուրաքանչյուր հարմար ռեժիմով՝ բաց, կիսաբաց կամ փակ, միայն թե կարևորագույն խնդրի մասին խոսելու առիթ ստեղծվի ԱԺ-ում։

ՀՀ ԱԺ նախագահ, իշխող ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ նման խնդիրները պետք է առաջին հերթին քննարկվեն հանձնաժողովներում։

«Հարցը նախապատրաստեք, կնայենք», – ասել է Ազգային ժողովի նախագահը։