Home / Տեսանյութեր / ՁՊՎ-ներում ձերբակալվածներին նախատեսված չափի սնունդ չի տրամադրվում. դիտորդներ

ՁՊՎ-ներում ձերբակալվածներին նախատեսված չափի սնունդ չի տրամադրվում. դիտորդներ

ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում (ՁՊՎ) պահվող անձինք պետք է ապահովվեն օրական 3-անգամյա (ներառյալ 1 տաք) սննդով, ինչը սակայն չի արվում։ Այս մասին ահազանգում է ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը։

Տարածած հայտարարության մեջ Խմբի անդամները նշում են, որ ստանձնած պարտավորությունը չպահպանելու հարցով իրենք մեկնաբանություն ստանալու խնդրանքով դիմել են ՀՀ ոստիկանություն, որտեղից պատասխանել են, թե ՀՀ-ում գործող բոլոր ՁՊՎ-ներում տրամադրվում է 3-անգամյա սնունդ, որից մեկը տաք, սակայն ոչ մի ապացույց չեն ներկայացրել։

Դիտորդական խումբը, ոչ հիմնավոր համարելով տվյալ մեկնաբանությունը, ՀՀ ոստիկանությունից խնդրել էր ասածը հիմնավորել փաստերով, սակայն ոստիկանությունից ապացույցներ չեն ներկայացրել՝ շարունակելով պնդել, որ նման խնդիր գոյություն չունի:

«Կարծում ենք՝ տրամաբանական կլիներ, որ ոստիկանությունը ապացուցեր իր պնդումները՝ ներկայացնելով իր տիրապետման ներքո գտնվող ապացույցները առ այն, որ ՁՊՎ-ներում տրամադրվում է օրենքով նախատեսված, ձերբակալվածին հասանելիք սնունդը:

Դիտորդական խումբը ևս մեկ անգամ հայտարարում է, որ ՀՀ մարզային ՁՊՎ-ներում չի տրամադրվում օրենքով նախատեսված չափի սնունդ: Այս համոզմանն ենք հանգել մեր գործունեության ընթացքում կատարած ուսումնասիրություններով, ձերբակալվածների հետ կատարած զրույցների ընթացքում ստացած տեղեկություններով: Չնայած որ մենք չէ, որ պետք է ապացուցենք սննդի չտրամադրման փաստը, սակայն խոստանում ենք, որ կարճ ժամանակում կներկայացնենք փաստեր և ապացույցներ տվյալ հիմնախնդրի վերաբերյալ», – ասված է Դիտորդական խմբի կողմից տարածած հայտարարության մեջ: