Home / Հայաստան / Ադրբեջանցի իրավապաշտպանը բանտում հարձակման է ենթարկվել

Ադրբեջանցի իրավապաշտպանը բանտում հարձակման է ենթարկվել

Բաքվի Քյուրդահան ավանի N1 քննչական մեկուսարանում պահվող իրավապաշտպան, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը սեպտեմբերի 6-ին հարձակման է ենթարկվել խցակցի կողմից։ Turan գործակալության հետ զրույցում այս մասին հայտնել է իրավապաշտպանի փաստաբան Ֆարիզ Նամազլին՝ հավելելով, որ միջադեպի համար նկատողություն է ստացել հենց Յունուսը։

Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալն իրեն պատմել է, թե ինչպես է Յունուսի խցակից Նուրին Հուսեյնովան առանց որևէ պատճառի հարձակվել իր վրա։ Հուսեյնովան Յունուսին սպառնացել է, տարբեր առարկաներ նետել նրա ուղղությամբ։ Իրավապաշտպանը թակել է դռներն ու օգնություն խնդրել․ հինգ րոպե անց դուռը բացել են ու հարցրել՝ ինչ է պատահել։ Յունուսը հայտնել է իր վրա հարձակման մասին, հանդիպում խնդրել ղեկավարության հետ, սակայն մեկուսարանի աշխատակիցն արհամարհել է նրան։

15 րոպե անց քննչական մեկուսարանի աշխատակիցները վերադարձել են ու ասել, որ ղեկավարությունը Յունուսին կընդունի երկուշաբթի։

Փաստաբանի խոսքով՝ Հուսեյնովան իրեն հանգիստ էր պահում, երբ աշխատակիցները մտնում էին խուց, իսկ նրանց հեռանալուն պես շարունակում էր հարձակումները Յունուսի վրա։

Ավելի ուշ Յունուսին ընդունել է երեք սպա ու բացատրագիր վերցրել։

Կիրակի Յունուսին հայտնել են, որ նրան նկատողություն է հայտարարվել՝ խցի դռները «անհիմն» թակելու համար ու պահանջել ստորագրել փաստաթուղթը։ Յունուսը, սակայն, հրաժարվել է ստորագրել՝ հայտարարելով, որ ինքն է հարձակման ենթարկվել, իսկ դռները թակել է՝ օգնություն ստանալու հույսով։

Նշենք՝ Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը՝ Արիֆ Յունուսը, մեղադրվում են պետական դավաճանության ու մի շարք այլ հանցագործությունների մեջ։ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նրանց ճանաչել է «խղճի գերի»։