Home / Տեսանյութեր / Ոստիկանությունը դեռ չի զբաղվում լրագրողին հարվածած ԱԺ անվտանգության պետի հարցով

Ոստիկանությունը դեռ չի զբաղվում լրագրողին հարվածած ԱԺ անվտանգության պետի հարցով

Երեկ Ազգային ժողովի շենքի դիմաց ԱԺ անվտանգության պետ Կարեն Հայրապետյանի կողմից լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, լրագրողին հարվածելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունն առայժմ որևէ հաղորդում չի ստացել։ Այս մասին Epress.am-ին հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը։

Մեր առաջին զանգին պատասխանելով՝ Մալխասյանն ասել է, թե տեղյակ չէ դեպքի մասին. նա ժամանակ է խնդրել կայքերում առկա հրապարակումներն ուսումնասիրելու համար։ Երկրորդ զրույցի ժամանակ Epress.am-ը հարցրել է Մալխասյանին՝ արդյոք մամուլի հրապարակումները հիմք կհանդիսանա քննություն սկսելու համար, ինչին ի պատասխան ոստիկանության աշխատակիցը կրկին նշել է, որ առայժմ բողոք չկա, իսկ արդյոք քննություն կսկսվի, թե ոչ, դեռ հայտնի չէ:

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների վարչության նորանշանակ պետ Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում ասել է, որ Ազգային ժողովում դեպքի հետ կապված ծառայողական քննություն չի իրականացվելու, քանի որ անվտանգության աշխատակիցները չեն հանդիսանում ԱԺ աշխատակազմի մաս, այլ Պետական պահպանության ծառայության աշխատակիցներ են։

Հիշեցնենք, որ 2014թ. սեպտեմբերի 9-ին, ժամը 16:30-ի սահմաններում «Հակահարված» արվետսագետների խմբի ներկայացուցիչները ակցիա են անցկացրել՝ ԱԺ-ի մուտքի վրա փակցնելով «Բարև Ռոբ» գրությամբ պաստառ: Դարպասից դուրս եկած Հայրապետյանը հարձակվել է ակցիան լուսաբանող լրագրողների վրա՝ հարվածելով «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանին և գցելով նրա ձեռքին եղած նկարահանող սարքը: Ապա նա կոպիտ տոնով և «դու»-ով է խոսել Epress.am-ի լրագրողի հետ՝ իր գործողությունները մեկնաբանելու ու ներկայանալու պահանջին ի պատասխան՝ հայտարարելով. «Ինչ եմ անում որ, շատ գիտեմ ով ա [նկատի ունի Մարինե Խաչատրյանին]»։