Home / Հայաստան / Սաակաշվիլին հանձնարարել է երկրում քաոս ստեղծել․ Վրաստանի ՆԳՆ

Սաակաշվիլին հանձնարարել է երկրում քաոս ստեղծել․ Վրաստանի ՆԳՆ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներին ու հասարակական կազմակերպությունների ղեկավարներին հանձնարարել է երկրում դավադրություն կազմակերպել՝ իշխանությունը գրավելու նպատակով։ Georgia Online կայքի փոխանցմամբ՝ այս մասին «Ալիա» թերթի հետ զրույցում հայտարարել է Վրաստանի ՆԳՆ ղեկավար Ալեքսանդր Չիկաիձեն։ Նրա խոսքով՝ Սաակաշվիլին հանձնարարությունները տվել է Կիևում ու Թուրքիայում կայացած հանդիպումների ժամանակ։

ՆԳՆ ղեկավարը հայտնել է, որ այդ հանդիպումների գլխավոր թեման ներկուսակցական հարցերը չեն եղել, փոխարենը Սաակաշվիլին կուսակցության անդամներին կոնկրետ հանձնարարություններ է տվել՝ երկրում քաոսի մթնոլորտ ստեղծելու վերաբերյալ։

«Նրանք պետք է սադրիչ գործողություններ իրականացնեն, այդ թվում ոստիկանների աչքի առաջ՝ նրանց հրահրելու համար։ Նրանք պետք է ֆորսմաժորային իրավիճակներ ստեղծեն, ագրեսիվ բողոքի ցույցեր կազմակերպեն՝ շահարկելով տարբեր թեմաներ, ինչպես, օրինակ, հանցավոր մթնոլորտը, հասարակական ու տնտեսական հարցերը, Ռուսաստանի հետ հարաբերությունները, փախստականների խնդիրները․․․ Նրանց նպատակն է բացասական մթնոլորտ ստեղծել ինչպես Վրաստանի հասարակությունում, այնպես էլ արտասահմանյան մամուլում ու դիվանագիտական միջավայրում»,- ասել է Չիկաիձեն։