Home / Տեսանյութեր / Վարչապետը չցանկացավ պատասխանել ՀԱԿ պատգամավորի հարցադրումներին

Վարչապետը չցանկացավ պատասխանել ՀԱԿ պատգամավորի հարցադրումներին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարվել է ԱԺ ամբիոնից պատասխանել ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին, որը վերաբերում էր էնէրգետիկ ոլորտում կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը։

Այսօր ԱԺ-ում ՀՀ կառավարության հարց ու պատասխանի ժամանակ Մանուկյանն իր հարցադրումները ներկայացնելիս հատուկ խնդրել է, որպեսզի դրանց արձագանքի Հովիկ Աբրահամյանը և ոչ թե Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը։ ՀԱԿ պատգամավորը, մասնավորապես, հարց է բարձրացրել «Նաիրիտ» գործարանի և «Վանաձոր-Քիմպրոմ» գործարանի ճակատագրի մասին, որոնց աշխատակիցները ամիսներով աշխատավարձ չեն ստացել, իսկ «Նաիրիտի» աշխատողների երբեմն վճարվող աշխատավարձերը փակվում են այլ պետական ձեռնարկությունների հաշվին, մասնավորապես, Հայաստանի ատոմակայանի բյուջեից։ Մանուկյանի հարցադրումների թվում է եղել․ «Որոտանի ՀԷԿ-երի կասկադի» վաճառքի, ինչպես նաև գազի գնի բարձրացման և դրանից հետո գազի սպառման նվազման մասին հարցերը։

Այնուամենայնիվ, հարցերին պատասխանելու համար ամբիոնին է մոտեցել Երվանդ Զախարյանը, ով ընդգծել է, որ իրեն տրամադրված 3 րոպեն քիչ է մեծ թվով հարցադրումներին անդրադառնալու համար։ Զախարյանը նշել է, որ «Նաիրիտ» գործարանի աշխատողները 1 ամսվա աշխատավարձը կստանան մինչև սեպտեմբերի 15-ը, իսկ այդ ոլորտներում ՀՀ կառավարությունը խնդիրները պահում է ուշադրության կենտրոնում, լայնածավալ ծրագրեր է իրականացնում, որոնց արդյունքների մասին կտեղեկացվի։ Զախարյանը նաև ընդգծել է, որ իր գերատեսչությունը կապ չունի «Վանաձոր-Քիմպրոմ» գործարանի հետ։

Ի պատասխան՝ Արամ Մանուկյանը նշել է, որ Հովիկ Աբրահամյանը անհարգալից վերաբերմունք է դրսևորում, քանի որ ինքը հենց վարչապետից էր ակնկալում ոլորտի քաղաքականության մասին պատասխան և ոչ թե ընդհանուր արտահայտություններ, ինչպիսին է․ «Կառավարությունը խնդիրները պահում է իր ուշադրության կենտրոնում»։

Խոսափողի մոտ կրկին դուրս է եկել Երվանդ Զախարյանը, ով հայտարարել է, թե Էներգետիկայի նախարարությունը կառավարության մաս է և կարող է պատասխանել իրականացվող քաղաքականության մասին հարցերին։ Զախարյանը ևս մեկ անգամ կրկնել է, որ 3 րոպեն բավարար չէ բոլոր հարցադրումներին անդրադառնալու համար։