Home / Հայաստան / Զորի Բալայանը ձևակերպված է որպես խորհրդական, բայց իր պաշտոնից տեղյակ չէ․ «Ժողովուրդ»

Զորի Բալայանը ձևակերպված է որպես խորհրդական, բայց իր պաշտոնից տեղյակ չէ․ «Ժողովուրդ»

Գրող-հրապարակախոս Զորի Բալայանը տարիներ շարունակ Հայաստանի հանրային հեռուստատեսությունում փաստաթղթերով ձևակերպված է խորհրդական, բայց երբևէ խորհրդատվական գործառույթ չի իրականացրել, գրում է «Ժողովուրդը»։ Թերթը փորձել է Բալայանից պարզել, թե ինչ խորհուրդներ է նա տալիս Հանրային հեռուստաընկերությունը կառավարողներին: Վերջինս տարակուսանքով հայտարարել է, թե ինքն առաջին անգամ է նման բան լսում. «Կարող է դա 100 տարի առաջ է եղել, կամ չգիտեմ երբ է եղել, համենայնդեպս, ես առաջին անգամ եմ նման բան լսում»,– Բալայանի խոսքերն է փոխանցում «Ժողովուրդը»։

Հիշեցնենք, որ Զորի Բալայանը (լուսանկարում՝ կենտրոնում) անցյալ տարի հայտնվեց ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված իր նամակի պատճառով, որում նա մեջբերել էր 80-ական-90-ականների խորհրդային և ռուսաստանյան քաղաքական գործիչ Անատոլի Սոբչակի խոսքերը, թե սխալ է ասել «Ղարաբաղի խնդիր», քանի որ դա ավելի շատ «Ռուսաստանի խնդիրն է»: Բալայանը Պուտինին կոչ էր արել հիշել դա՝ նշելով, որ 1813 թվականի Ռուսական կայսրության և Իրանի միջև ստորգրված Գյուլիստանի պայմանագրով Ղարաբաղը հանձնվել է Ռուսաստանին, իսկ պայմանագրի մեջ նշված է, որ «համաձայնագրի խստիվ կատարման պատասխանատվությունը կրում են Ռուսաստանի և Պարսկաստանի ոչ միայն գործող ղեկավարները, այլև «ժառանգորդներն» ու «հաջորդողները»: