Home / Հայաստան / Սյունիքում աշակերտուհուն բռնաբարած ուսուցիչը 8 տարով ազատազրկվեց

Սյունիքում աշակերտուհուն բռնաբարած ուսուցիչը 8 տարով ազատազրկվեց

Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի նախկին ղեկավար, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ազատ Ղուկասյանը 14 տարեկան աշակերտուհուն բռնաբարելու մեղադրանքով դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Դատաքննությունը Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում ընթացել է դռնփակ կարգով, գրում է armlur.am-ը։

Աղջկա հարազատների բողոքի հիման վրա` Գորիսի քննչական բաժնում 2012 թվականի մարտին քրեական գործ էր հարուցվել` Քր. Օր.-ի 142-րդ հոդվածի հատկանիշներով (ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը) և 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի բռնաբարություն): Դատաբժշկական ու դատակենսաբանական փորձաքննությունները ցույց էին տվել, որ երեխայի նկատմամբ իսկապես սեռական բռնություն կատարվել է:

Ազատ Ղուկասյանը, ով Հանրապետական կուսակցության անդամ է կամ էր, ամուսնացած է, ունի թոռնիկներ: Armlur.am-ի հետ զրույցում Հարթաշենի ներկայիս ղեկավարը` Գագիկ Վանեսյանը, ասել է, որ նախկին գյուղապետի ընտանիքի և տուժող անչափահասի հարազատների միջև ընդհարումներ դեպքից հետո չեն եղել. գյուղը փոքր է, և յուրաքանչյուր բնակիչ ըմբռնումով է մոտենում իրավիճակին, քանի որ իրական մեղավորը կրում է իր պատիժը:

«Երեխան գյուղում է, ոչ մի տեղ չի գնացել: Հանգիստ շփվում է բոլորի հետ, և ոչ ոք դեպքի հետ կապված փոքրիկ ակնարկ անգամ անել իրեն թույլ չի տալիս: Բոլորն էլ հասկանում են աղջկա հոգեվիճակը: Նրա հետ կապված խնդիրներ չեն եղել ժողովրդի կողմից: Նույն վերաբերմունքը Ղուկասյանի ընտանիքի անդամների հետ է»,- ասել է համայնքապետը:

Գագիկ Վանեսյանը տեղեկացրեց, որ աղջկա ընտանիքը աղքատության մեջ է ապրում. եթե օրավարձով աշխատանք է լինում, հայրը կարողանում է աշխատել և վաստակել, հակառակ դեպքում` տան անդամները օրերով քաղցած կարող են մնալ: