Home / Հայաստան / Հայաստանը ԵՄ-ից ստացած գումարները կծախսի մասնավոր հատվածի զարգացման և կառավարման ոլորտի բարեփոխումների վրա

Հայաստանը ԵՄ-ից ստացած գումարները կծախսի մասնավոր հատվածի զարգացման և կառավարման ոլորտի բարեփոխումների վրա

Սեպտեմբերի 8-ին Եվրամիությունը պաշտոնապես հրապարակել էր ԵՄ Արևելյան գործընկերության երկրներին գալիք տարիներին հատկացվող օգնության չափաբաժինները։ Հայաստանը 2014-ից 2017 թվականը ստանալու է 140-ից 170 միլիոն եվրո։

Համաձայն Եվրամիության հրապարակած պաշտոնական փաստաթղթի, Հայաստաը այդ գումարը ստանալու է երեք գերակա ուղղությունները զարգացնելու նպատակով։ Մասնավորապես, գումարի առնվազն 35 տոկոսը պետք է ծախսվի մասնավոր հատվածի զարգացման համար, 25 տոկոսը պետական կառավարման ոլորտի բարեփոխումների և առնվազն 20 տոկոսը արդարադատության ոլորտի բարեփոխումների վրա։

Նշենք, որ, ի տարբերություն Արևելյան գործընկերության ծրագրին մասնակցող մի քանի այլ երկրների՝ Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանը որոշում է կայացրել չստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիրը։ ԵՄ-ի հետ 3 տարուց ավել տևած բանակցություններից և համատեղ աշխատանքից հետո անցյալ տարվա սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է անդամակցել Ռուսաստանի կողմից նախաձեռնած Մաքսային Միությանը։