Home / Հայաստան / Սփյուռքի նախարարությունը պնդում է, որ սփյուռքահայ լրագրողներին խտրական չի վերաբերվել

Սփյուռքի նախարարությունը պնդում է, որ սփյուռքահայ լրագրողներին խտրական չի վերաբերվել

Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված լրագրողների 7-րդ համահայկական համաժողովի մասնակիցների ընտրության տրամաբանությունը կասկածներ է հարուցել iranahayer.com կայքի լրագրող Ռուբիկ Մինասյանի, Ռուսաստանում լույս տեսնող «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանի, Հունաստանի «Հայաստան» շաբաթաթերթի խմբագիր Դավիթ Այվազյանի մոտ: Այսօր նրանք համատեղ մամուլի ասուլիս են հրավիրել և հայտարարել, որ անիմաստ են համարում համաժողովին մասնակցելը: «Համաժողովին հրավիրվել են միայն այն լրագրողներին, որոնք սերտ հարաբերություններ ունեն Հայաստանի իշխանությունների կամ ավանդական կուսակցությունների հետ»,- մասնավորապես, ասել է Մինասյանը:

Նա նաև դժգոհել է, որ Հայաստանի կառավարությունը, թեև հպարտանում է սփյուռքի հաջողություններով, օրինակ, որևէ երկրում Ցեղասպանության դատապարտման բանաձևի ընդունմամբ, և դա իր դիվանագիտությանն է վերագրում, սակայն չի առաջնորդվում Սփյուռքի շահերով ևս:

«Սփյուռքը Թուրքիայից տարածքային պահանջ ունի: Իսկ Հայաստանի կառավարությունն այդ հարցը իջեցնում է հայ-թուրքական սահմանի բացման հարթության վրա»,- ասել է լրագրողը:

Սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ լրագրողների հրավիրելու ընթացակարգում ոչ մի կասկածելի բան չկա:

«Մենք հրավեր ենք ուղարկել Սփյուռքի բոլոր 300 լրատվամիջոցներին, նրանից 105-ն է մասնակցության ցանկություն հայտնել: Կան նաև լրագրողներ, որ պարզապես դիմել են և եկել են: Ունենք 165 լրագրող մասնակից՝ Հայաստանից և Սփյուռքից»,- ասել է Վարդանյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության՝ Սփյուռքի պահանջները մոռանալուն՝ Վարդանյանն ասել է, որ բավարար է կարդալ լրագրողների համաժողովի խորագիրը և այդ կասկածները կվերանան՝ «Հայոց Ցեղասպանություն-100: Ճանաչումից՝ պահանջատիրություն»։

Ըստ Վարդանյանի՝ լրագրողների համաժողովի օրակարգում կա չորս հարց. Հայոց ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության գործընթացի լուսաբանումը մամուլում, հայոց լեզվի իմացության և պահպանության հիմնախնդիրները, քարոզչությանը, հակաքարոզչությանը վերաբերող հարցեր և տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները:

Լուսանկարը՝ Սքաութ Թուֆանկջյանի