Home / Տեսանյութեր / Գյուղացիներն իզուր էին բողոքում․ նախարարությունը պնդում է՝ նրանց անտառ չեն թողնի

Գյուղացիներն իզուր էին բողոքում․ նախարարությունը պնդում է՝ նրանց անտառ չեն թողնի

Քանի որ վերջին շրջանում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ակտիվացել են ապօրինի ծառահատումները, չարաշահումներն ու գողությունները, Բնապահպանության նախարարության կողմից մտցվել է ռեժիմի խստացում: Այս մասին Epress.am-ին ասել են նախարարությունից՝ անդրադառնալով երեկ Դիլիջանի և կից համայնքների բնակիչների կազմակերպած բողոքի ակցիային:

Հիշեցնենք, որ Դիլիջանի և հարակից Գոշ, Հաղարծին համայնքների մոտ  1000 բնակիչներ երեկ պահանջում էին, որպեսզի իրենց թույլ տրվի մտնել Ազգային պարկ և փայտանյութ հավաքել, քանի որ գազը թանկացել է, և իրենք ձմեռվա համար վառելիք չունեն:

Նախարարությունը հերքում է, որ գյուղացիներին կարող է թույլ տրվել ծառահատում, ինչպես իրենց երեկ խոստացել են։ Պարկում հայտնաբերված փայտանյութը կբաժանվի գյուղացիներին, սակայն նրանց թույլ չի տրվի մտնել անտառ, քանի որ, ըստ նախարարության, մարդիկ հաճախ փայտանյութ հավաքելով չեն բավարարվում և կտրում են ծառերը:

Բնապահպան Ինգա Զառաֆյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ գյուղացիների տրամաբանությամբ, եթե մինչև հիմա ապօրինությունը թույլ է տրվել, ապա կարող է շարունակվել: Ըստ Զառաֆյանի՝ Ազգային պարկը գյուղացիներին պետք է թույլ չտա մտնել անտառ անգամ փայտ հավաքելու համար:

Բնապահպանի խոսքով՝ ազգային պարկի իրավունքն արդեն մեկ անգամ խախտվել է, երբ Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման համար հանրային լսումներին Ազգային պարկն անգամ չէր հրավիրվել, թեև շինարարությունը ազդելու էր նաև անտառի վրա:

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝ «Դիլիջան ազգային պարկի» տնտեսական գոտուց մոտ 13000 հա տարածք (323 հատ ծառ) է տրամադրվել Դիլիջանի միջազգային դպրոցին: