Home / Հայաստան / ՌԴ քաղաքացիություն ստացած հայաստանցիներն անձնագրային խառնաշփոթի մեջ են․ «ՀԺ»

ՌԴ քաղաքացիություն ստացած հայաստանցիներն անձնագրային խառնաշփոթի մեջ են․ «ՀԺ»

ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու հայտ ներկայացրած և դրա հիման վրա ՌԴ քաղաքացիություն ստացած հազարավոր հայաստանցիներ վերջերս հայտնաբերել են, որ շարունակում են Հայաստանի քաղաքացի մնալ, ինչը ՌԴ օրենքով արգելված է։ Ինչպես գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը, խոսքը երկքաղաքացիության մասին չէ․ դրա համար առանձին գործընթաց է պահանջվում։

«Նախապատմությունը հետևյալն է․ ՌԴ-ն, միգուցե իր ժողովրդագրական խնդիրները լուծելու համար, վերջին տարիներին ավելի է հեշտացրել այլազգիներին քաղաքացիություն շնորհելու հարցը։ Մեր բազմաթիվ քաղաքացիների ՌԴ քաղաքացիություն է շնորհվել շատ կարճ ժամանակում և բավականին հեշտ գործընթացից հետո՝ ընդամենը ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը դրավոր դիմում ներկայացնելով։ Այս ձևով հազարավոր մարդիկ քաղաքացիություն են ստացել», – նշում է հոդվածագիրը։

ՌԴ Պետդուման դեռևս մայիսին առաջին ընթերցմամբ ընդունել էր երկքաղաքացիությունը թաքցնելու մասին տուգանք նախատեսող օրինագիծ։ Փաստաթուղթը քաղաքացիներին պարտավորեցնում է Դաշնային միգրացիոն ծառայությանը (ԴՄԾ) տեղեկացնել այլ երկրի քաղաքացիության մասին։

«Իսկ արդեն երկու երկրի անձնագիր ունեցող ՌԴ քաղաքացիները օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում պետք է այդ մասին տեղեկացնեին ԴՄԾ տարածքային մարմնին։ Այս պարտավորության չկատարման դեպքում անձը ստիպված կլինի մինչև 200 հազար ռուբլի տուգանք վճարել կամ դատապարտվել մինչև 400 ժամ հարկադիր աշխատանքի։ Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել մինչև հոկտեմբերի 4-ը», – նշում է օրաթերթը՝ հավելելով, որ երբ ՌԴ մեր հայրենակիցները թյուրիմացություններից և տուգանքներից խուսափելու համար պատահաբար հետաքրքրվել են իրենց կարգավիճակով, պարզվել է, որ մինչ օրս Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու նրանց դիմումները վերջնական կետին չեն հասել, այսինքն նրանք դեռևս հանդիսանում են ՀՀ քաղաքացի։

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության քաղաքացիության բաժնի պետի տեղակալ Սեդա Հարությունյանը «ՀԺ»-ի հետ զրույցում պնդել է, որ խառնաշփոթի հետ հայկական կողմը կապ չունի, և այս ամենի պատճառը ռուսական անձնագրային բաժինների սխալ աշխատանքն է։ Պատմելով, որ ամեն օր բազմաթիվ հայրենակիցներ այս խնդրով դիմում են ԱՎՎ՝ Հարությունյանը պարզաբանել է, որ օրենքով բացառվում է 1-2 ամսում ՀՀ քաղաքացիության դադարեցման ընթացակարգն ավարտին հասցնելը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում