Home / Հայաստան / Աղմկահարույց սպանության գործով քննությունն անտրամաբանական քայլեր է կատարում․ փաստաբան

Աղմկահարույց սպանության գործով քննությունն անտրամաբանական քայլեր է կատարում․ փաստաբան

15-ամյա Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող վանաձորցի Կարեն Կունգորցևը երբեք չի ընդունել մեղադրանքը, նա հերքում է, որ հարվածել է Հովակիմյանին, ուստի քննության կողմից անտրամաբանական է, որ նրա մեղքը մեղմում են և Հովակիմյանի մահվան մեղքի մի մասը գցում են բժիշկի վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Կունգորցևի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը (լուսանկարում):

Նշենք, որ սպանության մեղադրանքով գործ հարուցելուց 10 ամիս անց Կունգորցևի դեմ մեղադրանքը փոխվել է․ այժմ նրան մեղադրում են սպանության փորձի մեջ, իսկ «Վանաձոր» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ Հովակիմյանի բուժման ընթացքում մասնագիտական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու կասկածանքով:

«Կունգորցևը չի ընդունում, որ մասնակցել է կռվին, որ հարվածել է Հովակիմյանին, ուստի մենք ոչ մի քայլ չենք արել վիճարկելու՝ արդյոք տղան մահացել է բժշկական սխալով, թե՝ ոչ»,- ասել է Պապիկյանը:

Ղուկասյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել օգոստոսի 26-ին, նրան ձերբակալել են: Ղուկասյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանն ասել է, որ մեղադրանքն անհիմն է, քանի որ Հովակիմյանի մահը և բժշկական գործողությունները անմիջական կապ չունեն:

«Ես երեկ կայացած նիստում միջնորդել եմ փոխել Ղուկասյանի նկատմամբ կալանք խափանման միջոցը փոխել գրավով: Ղուկասյանի գործընկերները ևս դատարան էին եկել և բողոքի ակցիա էին անցկացնում: 61-ամյա բժշկին կալանավորելն անհիմն էր, նա ամեն անգամ կանչվելով՝ ներկայանում էր նախաքննության մարմնի մոտ, ոչ մի անգամ փորձ չի արել խուսափելու քննությանը մասնակցելուց:

Դատարանը Հակոբյանի միջնորդության մասով որոշումը կհրապարակի վաղը։

Նշենք, որ գործի քննության ընթացքում իրավապաշտպաններն ու Կունգորցևի փաստաբանը բազմիցս մատնանշել են նախաքննության ընթացքում գրանցված խախտումների մասին։ Մեղադրյալը կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմել է ինքնավնասման, հացադուլ է իրականացրել: Ավելի վաղ news.am կայքը գրել է, որ Վանաձորում լուրեր են շրջանառվում, թե 15-ամյա Դավիթ Հովակիմյանին սպանել է ԱԱԾ աշխատակցի որդին, որին էլ իրավապահ մարմինները խնամքով թաքցնում են:

Անցյալ տարի Կունգորցևի մայրը Epress.am-ի հետ զրույցում նշել էր, որ որդուն ծեծել են ոստիկանությունում՝ պահանջելով ընդունել մեղքը:

Գործի մանրամասները՝ այստեղ