Home / Հայաստան / Կառավարությունը որոշել է մեծացնել սահմանամերձ համայնքների տնտեսական ակտիվությունը

Կառավարությունը որոշել է մեծացնել սահմանամերձ համայնքների տնտեսական ակտիվությունը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ևս ութ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին:

Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ օրենսդրական նախաձեռնության նպատակը սահմանամերձ համայնքներում տնտեսական ակտիվության բարձրացումն է: Այժմ այդ համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներն այլ համայնքներում համանման գործունեություն իրականացնող սուբյեկտների համեմատությամբ գործում են հարկման հավասար պայմաններում: Որոշմամբ այդ սուբյեկտներն ազատվում են իրենց գործունեության մասով առաջացող հարկերից:

Մյուս օրենքների փոփոխությամբ առաջարկվում է միասնականացնել հարկային մարմնի կողմից հաշվարկվող տույժերի չափերը, անցում կատարել հարկային հաշիվների և այլ փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգին և այլն:

«Իրոք, մենք լավ գործ ենք անում, – հարցի վերաբերյալ նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, – Ես համոզված եմ, որ օրենսդրական փաթեթի ընդունումը կնպաստի մեր սահմանամերձ համայնքների բնակչությանն աշխատանքով ապահովելուն: Եթե այնտեղ նոր բիզնես-ծրագրեր իրականացվեն, ապա կբացվեն նոր աշխատատեղեր: Պետք է խնդրենք Ազգային ժողովին, որ այս փաթեթն արագ ընդունվի»։

Նրա խոսքով՝ ՊՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ համայնքների մասով օրենքի նախագիծ էր ներկայացրել, Տարածքային կառավարման նախարարության հետ քննարկվում է:

«Ես առաջարկում եմ, որ ֆինանսների նախարարությունը նույնպես քննարկի, և եթե կան ողջամիտ առաջարկներ և կհամադրվեն մեր նախագծի հետ, ընդունենք», ֊ ասել է Աբրահամյանը: