Home / Տեսանյութեր / Գասպարիին արգելել են դատի ժամանակ նստած խոսել․ նա հեռացել է դահլիճից

Գասպարիին արգելել են դատի ժամանակ նստած խոսել․ նա հեռացել է դահլիճից

Այսօր վարչական դատարանում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի դեմ հարուցված հերթական գործով նիստի ժամանակ նախագահող Արծրուն Միրզոյանը ակտիվիստին արգելել է արտահայտվել։ Այս մասին Epress.am-ին հայտնել է ինքը՝ Գասպարին։

Նշենք, որ դատարանը լսում էր  2013 թվականի դեկտեմբերի 2-ին Գասպարիին, ի թիվս այլ մոտ 100 ակտիվիստների բերման ենթարկելու փաստի առիթ հարուցված գործին։ Ակտիվիստները բողոքի ակցիա էին անցկացնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի կապակցությամբ։  Գասպարիի դեմ ոստիկանությունում գործ է հարուցվել ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու վարչական իրավախախտման հատկանիշներով։  Ակտիվիստը հակընդդեմ հայց է բերել առ այն, որ Ոստիկանությունը խախտել է իր՝  ազատ հավաք, ցույց անելու իրավունքը,  անօրինական ձևով իրեն բերման ենթարկել։

Նախագահող Միրզոյանը Գասպարին խոսելու հնարավորությունից զրկելուց առաջ նրան զգուշացրել էր։

«Պատճառն այն է, որ ես նստած էի խոսում դատարանի հետ։ Արդեն երկար ժամանակ է՝ իմ դեմ հարուցված բոլոր գործերով ես նստած եմ խոսում։ Ես այդպիսով արտահայտում եմ իմ բողոքը ՀՀ դատարանի դեմ։ Ես դա անում եմ՝ հիշեցնելով, որ ՄԻԵԴ֊ում Հայաստանի դեմ քննված 52 գործերից 49֊ը  ավարտվել են Հայաստանի Հանրապետության դեմ վճիռներով։ Եվ այդ  վճիռների, այսինքն՝ դատարանի սխալների համար, պատասխանը տրվում է ՀՀ քաղաքացու վճարած հարկերից»,֊ Epress.am֊ին ասել  Գասպարին։  

Նրա համոզմամբ՝ դատարանը կարող էր լսել իրեն, հետո իր ուզած գնահատականը տալ, սակայն արգելել արտահայտվել դատարանը չէր կարող։

Ի նշան բողոքի՝ Գասպարին և ապա՝ նրա պաշտպանը լքել են դատական նիստերի դահլիճը։