Home / Տեսանյութեր / «Շրջանառության հարկի մասին» օրենքը վերացնում է փոքր և միջին բիզնեսը. Բագրատյան

«Շրջանառության հարկի մասին» օրենքը վերացնում է փոքր և միջին բիզնեսը. Բագրատյան

«Շրջանառության հարկի մասին» օրենքը ներմուծելով Հայաստանում վերացվում են փոքր և միջին ձեռնարկատիրությունը (ՓՄՁ): Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտը Բագրատյանը:

Նա ընդգծում է, որ, համաձայն օրենքի, փոքր և միջին բիզնեսի նկատմամբ շրջանառության հարկի (ՇՀ) տոկոսադրույքը իջեցվում է (3%-ից 1%), սակայն միևնույն ժամանակ ՓՄՁ-ներից պահանջվում է փաստաթղթավորել գնումները։

«Այս վերջին պահանջը բացատրվում է խոշոր բիզնեսի տնտեսական շրջանառությունը վերահսկելու անհրաժեշտությամբ։ Այս «բարեփոխման» մեջ անհասկանալի է սկզբունքը՝ իջեցնել հարկի տոկոսադրույքն այն «փոխանակելով» գնումների վերաբերյալ հաշվետվությամբ։ Սրանից մի քանի տարի առաջ, երբ նաև ընդդիմության ջանքերով այս հարկատեսակը մտցվեց, նպատակ դրվեց՝ մարդը վճարել է շրջհարկը՝ վերջ, դու նրա հետ գործ չունես։ Ումի՞ց է հումք ձեռք բերել, քանի միլիոն կամ միլիարդ է վաստակել, քո (պետության) գործը չէ։ Շրջանառության ու եկամուտների ծավալից ավելի կարևոր է այն, որ ՓՄՁ-ի  համար վերացվում են շահութահարկն ու ԱԱՀ-ն, և մտցվում է շրջհարկ։ Այսինքն, հարկայինը միջամտելու, ստուգելու իրավունք չպիտի ունենա, հաշվապահություն պահելու անհրաժեշտություն չպիտի լինի։ Այսպիսով, մտցնելով փաստաթղթային շրջանառության պահանջ, մենք ոչ թե տեխնիկական հարց ենք լուծում, այլ վերացնում ենք, ըստ էության, ՓՄՁ։ Բազմիցս բացատրել եմ, խոշոր բիզնեսի կանոններով հարկվող ՓՄՁ որևէ առնչություն չունի փոքր կամ միջին բիզնեսի հետ», – գրել է Բագրատյանը: 

Նա ընդգծում է նաև, որ կառավարության փաստարկը, թե փաստաթղթավորման միջոցով փորձում են խոշորին հսկել, տեղին չէ։

«Խոշորին ուզում եք ստուգել, արեք դա ուղղակիորեն՝ մտեք  և ստուգեք», – հավելում է Բագրատյանը:

Նշենք, որ տարբեր տոնավաճառներում աշխատող մարդիկ երեքշաբթի և հինգշաբթի բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության մոտ՝ պահանջելով չեղյալ համարել նոր օրենքը: Փոքր և միջին բիզնեսի մի քանի ներկայացուցիչներ հարցի առնչությամբ հանդիպել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի սոցիալ-տնտեսական հարցերով տեղակալ Տաթևիկ Խաչատրյանի հետ: Հանդիպումից հետո օմբուդսմենի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Նախագիծը նախապես չի ներկայացվել Պաշտպանին կարծիքի` ի խախտումն Նախագահի 2007թ. թիվ 174-Ն հրամանագրի, համաձայն որի «Մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող օրենքների նախագծերը նախքան կառավարություն ներկայացնելն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին` կարծիքի»: Այժմ Պաշտպանի հանձնարարությամբ հրատապ քայլեր են ձեռնարկվում բոլոր կողմերի փոխըմբռնման միջոցով խնդրին լուծումներ գտնելու նպատակով»: