Home / Հայաստան / Աժ֊ն մերժել է սահմանապահ գյուղերի մասին Փաշինյանի նախագիծը

Աժ֊ն մերժել է սահմանապահ գյուղերի մասին Փաշինյանի նախագիծը

ԱԺ-ն այսօր 54՝ ձեռնպահ, 40՝ կողմ և 3՝ դեմ  ձայների հարաբերակցությամբ մերժել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստանի Հանրապետության Սահմանապահ համայքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ նախագիծը նախատեսում էր որոշ արտոնություններ սահմանապահ գյուղերի բնակիչներին:

Ձեռնպահ են քվեարկել և, փաստորեն, նախագծի ընդունումը տապալել ՀՀԿ խմբակցությունը և ԲՀԿ խմբակցության մի մասը: ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանն ասել է՝ ցանկալի է, որ կառավարությունն ավելի մեծ նախագիծ մշակի ու ներկայացնի, քանի որ Փաշինյանի ներկայացրած նախագիծը խնդիրներին մասնակի լուծում է տալիս։

«Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, ով նոր է վերադարձել Տավուշի մարզից, ասել է, որ հարցը հրատապ է և պետք չէ սպասել մինչև Կառավարությունn ajn քննարկի:

Ի վերջո, նախագծին կողմ են քվեարկել ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, Ժառանգությունը, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ի մի մասը, ինչը բավարար չի եղել այն անցկացնելու համար:

Հիշեցնենք, որ Փաշինյանի նախագիծը, մասնավորապես, առաջարկում է.

ա) 50 տոկոս զեղչ՝ էլ. էներգիայի, բնական գազի, խմելու և ոռոգման ջրի վարձավճարների մասով:

բ) սահմանապահ համայնքների բնակիչները ազատվում են հողի հարկից և անշարժ գույքի գույքահարկից:

գ) ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով անօթևան մնացած բնակիչներին մեկամսյա ժամկետում տրամադրվում է համարժեք օթևան՝ նույն համայնքի տարածքում:

դ) ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով վիրավորված քաղաքացիների բուժումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով:

ե) սահմանապահ համայնքներին պետական բյուջեի միջոցներից տրվում է ամենամյա օգնություն՝ համայնքի բնակիչների առողջապահական կարիքները հոգալու և երիտասարդ ընտանիքներին աջակցելու համար: