Home / Տեսանյութեր / ԶՈՒ֊ն չպետք է օգտագործվի արտակարգ դրության ժամանակ․ ՀԱԿ֊ը կրկին ներկայացրել է օրինագիծը

ԶՈՒ֊ն չպետք է օգտագործվի արտակարգ դրության ժամանակ․ ՀԱԿ֊ը կրկին ներկայացրել է օրինագիծը

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը կրկին ԱԺ-ի օրագարկում է: Այսօր ԱԺ-ում խմբակցության անունից այն ներկայացրել է ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը: Օրինագծի հիմնական նպատակն է թույլ չտալ, որպեսզի ՀՀ նախագահը իրավունք ունենա բանակն օգտագործել արտակարգ դրության ժամանակ: Ըստ Ջհանգիրյանի՝ օրենքը 2012 թվականին ընդունվել է միայն հետին թվով արդարացնելու համար 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ դրության անօրինական հայտարարումը և ԶՈՒ-ի օգտագործումը խաղաղ հանրահավաքը ցրելու ժամանակ: Նշենք, որ այդ օրը 10 մարդ է սպանվել, որոնց սպանության համար մինչ օրս ոչ ոք չի դատապարտվել։

«Որպեսզի նախագահը ԶՈՒ կիրառման համար հրաման տա, պետք է լինի երեք դեպքից մեկը՝ պետության վրա հարձակում, հարձակման իրական վտանգ, հայտարարված պատերազմ: Բայց դա դեռ բավարար չէ, պետք է հայտարարվի ռազմական դրություն, հայտարարվի մասնակի կամ ամբողջական զորահավաք»,- այսօր ԱԺ֊ում ասել է Ջհանգիրյանը:

Նրա խոսքով՝ գործող օրենքը, որը թույլ է տալիս նախագահին ԶՈւ-ն ներքաղաքական զարգացումների ժամանակ օգտագործել, մի շարք հակասություններ ունի ՀՀ Սահմանադրության հետ: Մասնավորապես, Ջհանգիրյանը նշել է, որ ոչ մի օրենքով չեն կարող որևէ մարմնի տրվել ավել լիազորություններ, քան այդ մարիմնը ունի Սահմանադրությամբ, որևէ օրենքով չի կարող սահմանափակվել մարդու իրավուքնները և ազատությունները:

ՀԱԿ֊ի ներկայացրած նախագծին դեմ արտահայտվել են իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավորները։ Խոսրով Հարությունյանը, մասնավորապես, նշել է, որ որևէ մեկի կողմից հակասահմանադրական գործողություններ իրականացնելու, օրինակ, իշխանությունը բռնազավթելու փորձի դեպքում զինված ուժերի կիրառումն արդարացված է։ 

Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցությունն այս տարի արդեն մեկ անգամ բարձրացրել էր հարցը, սակայն օրինագիծը բացասական եզրակացություն էր ստացել ՀՀ կառավարությունում։

Համաձայն կառավարության հիմանվորման՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել ինչպես Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ հայտարարված պատերազմի և ռազմական դրության, այնպես էլ արտակարգ դրություն հայտարարելու դեպքում։ Ընդ որում, արտակարգ դրություն հայտարարելու դեպքում «ՀՀ պաշտպանության պետական լիազոր մարմնի մարդկային ռեսուրսները, տեխնիկական և տրանսպորտային միջոցները կարող են օգտագործվել նաև զենքով և զինամթերքով»: