Home / Հայաստան / Պնակալեզ, ծաղրածու․ Թուրքիայում հայազգի լրագրողները ճշտում են իրենց դիրքերը

Պնակալեզ, ծաղրածու․ Թուրքիայում հայազգի լրագրողները ճշտում են իրենց դիրքերը

Թուրքահայ երկու լրագրողների` Մարգար Եսայանի (լուսանկարում՝ ձախից) ու Ռոբեր Քոփթաշի (լուսանկարում՝ աջից) միջև բանավեճն ընդգծում է Թուրքիայի հայ մտավորականների շրջանում առկա պառակտումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վերաբերյալ, գրում է Today's Zaman֊ը։

Ստամբուլում հայերեն և թուրքերեն լեզուներով լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Քոփթաշը խիստ քննադատական սյունակ է գրել կառավարամետ «Ենի Շաֆակ» օրաթերթի սյունակագիր Եսայանի հասցեին՝ նրան անվանելով «պնակալեզ»։ Քոփթաշն իր տեքստը հրատարակել է Եսայանի կոչին ի պատասխան։ Վերջինս «Ակօս»֊ին հորդորել էր դադարել մարգինալ թերթ լինել ու փոխարենը դառնալ Թուրքիայի նոր մամուլի մասը։

Եսայանն ավելի վաղ հայտարարել էր, որ «Ակօս» թերթն իրենից ներկայացնում է մարգինալ տարր Թուրքիայի հայ համայնքի շրջանում՝ այն համեմատելով ձախակողմյան «Բիրգյուն» թերթի հետ։

Նշելով, որ, իր ուսումնասիրությունների համաձայն, Թուրքիայի հայերի 50 տոկոսն աջակցում է իշխող կուսակցությանը՝ Եսայանը «Ակօս»֊ին հորդորել էր հրաժարվել իր «ռոմանտիկ ձախականությունից»՝ նշելով, որ անցյալում ձախ հայերը (դաշնակցականները) աջակցում էին Թուրքիայի իշխանություններին, որը կազմակերպեց հայերի բռնի տարհանումը Օսմանյան կայսրությունից։

Քոփթաշը, իր հերթին, նշել է` «Ակօս»֊ը չի դառնա որևէ քաղաքական ուժի կամ առանձին համայնքի գործիքը։

Խոսելով Եսայանի նկատմամբ «Ակօս»֊ի աշխատակիցների զգացմունքների մասին (Եսայանը կարիերան սկսել է այդ շաբաթաթերթում)՝ Քոփթաշն ասել է, որ Եսայանն այնքան ամբարտավան է, որ նրանք երջանիկ էին, երբ նա հեռացավ թերթից։ Նա պնդում է նաև, որ Եսայանն ամեն կերպ փորձել է դառնալ «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր։ Քոփթաշի խոսքով՝ չնայած իշխող կուսակցությանը աջակցող Եսայանի նման մարդկանց առատությանը՝ հայազգի լրագրողի տարբերությունն այն է, որ նա հայ է։ Հետևաբար, «Ակօս»֊ի խմբագրի համաձայն, կառավարությունը Եսայանից ակնկալում է ժամանակ առ ժամանակ վիճել «վատ հայերի» հետ։

Ավելի վաղ՝ օգոստոսին, նմանատիպ միջադեպ էր գրանցվել նաև «Թարաֆ» օրաթերթի սյունակագիր Հայկո Բաղդատի ու կառավարամետ «Աքշամ» թերթի սյունակագիր Էթյեն Մահչուպյանի միջև։ Երբ Մահչուպյանն իր հոդվածներից մեկում հայ մտավորականների մեծամասնությանը որակեց «ծաղրածուներ», Բաղդատը պատասխանեց՝ նշելով, որ Մահչուպյանը, արդարացնելով Էրդողանի ու իշխող կուսակցության քաղաքականությունը, վերածվել է «խեղկատակի»։

«Ծաղրածուները գոնե երեխաների են ծիծաղեցնում։ Խեղկատակները զվարճացնում են նրանց, ովքեր հրամայում են սպանել երեխաներին»,֊ գրել էր Բաղդատը՝ նկատի ունենալով Գեզի այգու ցուցարարների դեմ կրակ բացելու Էրդողանի հրամանը, ինչի հետևանքով մահացել են մի քանի դեռահասներ։