Home / Հայաստան / ԼՂՀ֊ն սպանված ադրբեջանցու դին վերադարձրեց հայրենիք

ԼՂՀ֊ն սպանված ադրբեջանցու դին վերադարձրեց հայրենիք

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի օժանդակությամբ, Ադրբեջանի ներկայացուցիչներին են հանձնել ԼՂՀ Շահումյանի շրջան ներթափանցած ադրբեջանցիներից մեկի՝ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերած, վնասազերծված և ոչնչացված Հասան Հասանովի դին: Այս մասին հայտնում են ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովից։

Փոխանցումը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:30-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանի հատվածում՝ Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում:

Հիշեցնենք, որ հուլիսին ԼՂՀ֊ի Քարվաճառի (Քելբաջար) մոտ իրավապահները ձերբակալել էին Դիլգամ Ասքերովին և Շահբազ Գուլիևին, իսկ Հասան Հասանովը սպանվել էր։ Պաշտոնական Բաքուն պնդում է, որ ձերբակալվածները և սպանվածը երկրի Զինված ուժերի հետ որևէ առնչություն չունեն։ Հայկական կողմը հրաժարվում է ձերբակալվածներին ռազմագերու կարգավիճակ տրամադրել։

Լեռնային Ղարաբաղի դատախազությունը նրանց մեղադրում է լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու, զենքի գործադրմամբ, մարդուն առևանգելով զուգորդված ազգային ատելության շարժառիթով սպանության, կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեջ:

Պաշտոնական մարմինների համաձայն՝ Ասքերովն ու Գուլիևը Քարվաճառի (Քելբաջարի) տարածքում առևանգել և սպանել են 17-ամյա Սմբատ Ցականյանին։ Բացի դա, ադրբեջանցիները սպանել են 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին և վիրավորել են 37-ամյա Կարինե Դավթյանին։