Home / Հայաստան / Ոսկու շուկայի տերը թույլ է տվել ձեռներեցներին բողոքի ակցիաների մասնակցել․ «Ժողովուրդ»

Ոսկու շուկայի տերը թույլ է տվել ձեռներեցներին բողոքի ակցիաների մասնակցել․ «Ժողովուրդ»

Երևանի ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը, ով օրեր առաջ կոտրել էր շուկայում աշխատող այն ձեռներեցների սեղանները, ովքեր մասնակցել էին կառավարության շենքի դիմաց անցկացված ակցիային, սկսել է քավել մեղքերը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Թերթի տեղեկություններով՝ Աբրահամյանը բջջային հեռախոս է նվիրել այն կանանցից մեկին, ում սեղանը կոտրել էր, որպեսզի «սիրտը շահի»:

Բացի դա, երեկ հերթով մոտեցել է շուկայի վաճառականներին ու ասել, թե կարող են գնալ բողոքի ակցիայի:

«Սակայն որոշ վաճառականներ նշեցին, որ Աբրահամյանի այս քայլը ոչ թե ամոթի կամ բարեհաճության դրսևորում է, այլ սովորական խորամանկություն:

Բանն այն է, որ Վաղարշ Աբրահամյանը ևս շուկայում բազմաթիվ սեղանիկներ ունի ու երբ մյուս սեղանիկները ժամերով փակվում են ակցիայի պատճառով, Աբրահամյանին պատկանող վաճառասեղանների ոսկե զարդերն ավելի մեծ քանակությամբ են վաճառվում», – նշում է թերթը:

Նշենք, որ հոկտեմբերի 1-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն և ՀՀ գլխավոր դատախազություն՝ Աբրահամյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ iravaban.net