Home / Տեսանյութեր / Պաշտպանը ճառն ուղղել է «գործի քավորին»․ Շանթ Հարությունյանի դատավարությունից

Պաշտպանը ճառն ուղղել է «գործի քավորին»․ Շանթ Հարությունյանի դատավարությունից

Այսօր քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը ներկայացնող Արա Զաքարյանն իր ճառով դիմել է ոչ թե նախագահող Մնացական Մարտիրոսյանին, այլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ով, փաստաբանի խոսքով, «գործի քավորն է»:

Մեղադրյալներ Կարեն Պետրոսյանի և Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանն իր ճառի հասցեատիրոջ ընտրությունը բացատրել է նրանով, որ որևէ դատավոր չի կարող նախագահի կարծիքի դեմ վճիռ հրապարակել: Փաստաբանը հիշեցրել է, որ Սերժ Սարգսյանը վերջերս ԱՄՆ-ում ուսանողների հետ հանդիպմանը, խախտելով անմեղության կանխավարկածը, հայտարարել էր, թե Շանթ Հարությունայնը և իր ընկերները հանցագործություն են արել: 

Արա Զաքարյանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նույնանման բողոքի ակցիա և ընդհարում տեղի է ունեցել նաև 2008 թվականի Մարտի 1-ին, սակայն այդ օրը բերման ենթակված և ոչ մի քաղաքացու նկատմամբ քրեական գործ չի հարուցվել խուլիգանության հոդվածով: Ըստ պաշտպանի՝ Շանթի և ընկերների դեմ կատարվող անօրինականության ապացույցներից մեկն էլ այն է, որ խուլիգանության հոդվածն առաջադրվել է նոյեմբերի 5-ին տեղի ունեցած դեպքից ամիսներ հետո:

Անդրադառնալով օրենսդրությանը՝ Արա Զաքարյանն ասել է, որ հավաքների ազատությանը վերաբերող Մարդու իրավունքների կոնվենցիայի 11 հոդվածների և ներպետական օրենքների միջև անհամապատասխանություն կա:

Փաստաբանի կարծիքով՝ ոստիկանները ամեն դեպքում գերազանցել են իրենց լիազորությունները և բախումը տեղի է ունեցել հենց ոստիկանների ոչ պրոֆեսիոնալ լինելու պատճառով:

Շանթ Հարությունյանն ու նրա 13 ընկերները մեղադրվում են 2013 թվականի նոյեմբերի 5-ին իրենց նախաձեռնած երթի ընթացքում որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, որը նախատեսում է 4-ից 7 տարվա ազատազրկում։ Նրանցից 3-ը՝ Մկրտիչ Հովհաննիսյանը, Արթուր Մարգարյանը, Վահե Մկրտչյանը, մեղադրվում են նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, ինչը նախատեսում է 5-ից 10 տարվա ազատազրկում։ Հայկ Հարությունյանը մեղադրվում է խուլիգանության, ինչպես նաև զգալի չափով հոգեմետ նյութ պահելու մեջ։ Այդ նյութը գտել են Հարությունյանի տան խուզարկման ժամանակ, նա և նրա հարազատները պնդում են, որ դա ընդամենը շան համար նախատեսված դեղ է եղել։

Դատախազը նաև պահանջել էր մեղադրյալ Վահե Մկրտչյանին ազատազրկել 8,5 տարով, Ալբերտ Մարգարյանին՝ 8 տարով, Վարդան Վարդանյանին, Լիպարիտ Պետրոսյանին, Ավետիս Ավետիսյանին՝ 6,5 տարով, Ալեք Պողոսյանին և Հայկ Հարությունյանին՝ 6 տարով, Մկրտիչ Հովհաննիսյանին՝ 5,5 տարով, Միսակ Մնացականյանին, Արմեն Հովհաննիսյանին և Տիգրան Պետրոսյանին՝ 4 տարով։ Գևորգ Գևորգյանը նաև միջնորդել էր Միսակ Առաքելյանի նկատմամբ 50 հազար դրամի չափով տուգանք սահմանել։

Ամբաստանյալները չեն ընդունում իրենց մեղքը, մասնավորապես, նշելով, որ երթի ընթացքը խանգարել են սադրիչները, իսկ քաղաքացիական հագուստով ոստիկանները իրենք են հրահրել ընդհարումը։