Home / Հայաստան / Բանտարկված ադրբեջանցի լրագրողը հրաժարվում է խղճի գերի լինել և առաջարկում է փրկել Ադրբեջանը

Բանտարկված ադրբեջանցի լրագրողը հրաժարվում է խղճի գերի լինել և առաջարկում է փրկել Ադրբեջանը

Ադրբեջանական «Նոտա Բենե» թերթի կալանավորված խմբագիր Սարդար Ալիբեյլին դիմել է գործընկերներին ու ընդդիմության առաջնորդներին՝ իր անուն֊ազգանունը «խղճի գերիների» ցուցակից հանելու խնդրանքով։ Ալիբեյլին ձերբակալվել էր ու չորս տարվա ազատազրկման դատապարտվել «ազատ մամուլը ոչնչացնող հանցավոր իշխանությունների» մասին հոդվածը հրապարակելուց հետո։

Ադրբեջանի քրեակատարողական ծառայության կողմից տարածված հաղարդագրության մեջ Ալիբեյլին նշում է, որ «աշխարհաքաղաքական իրադրությունն այսօր բավականին վտանգավոր բնույթ է ստացել, ու Ադրբեջանը կարող է դառնալ աշխարհը կրկին բաժանել փորձող ագրեսիվ ահաբեկչության ու անդրազգային խմբերի թիրախը»։

Ալիբեյլին կոչ է անում ընդդիմությանն ու երկրի բոլոր հասարակա֊քաղաքական ուժերին «միավորվել հանուն երկրի շահերի, հրաժարվել թշնամական հռետորաբանությունից ու համագործակցել «Խաղաղություն հայրենիքում, խաղաղություն ամբողջ աշխարհում» կարգախոսի ներքո»։

Լրագրողը նաև մտահոգություն է հայտնել Եվրախորհրդարանի վերջին բանաձևի վերաբերյալ, որը քննադատում է Բաքուն, մասնավորապես, լրագրողների ու իրավաշտպանների ձերբակալությունների պատճառով։

«P.S Nota» թերթի ու рs.nota.com կայքի խմբագիր Սարդար Ալիբեյլին ձերբակալվել է 2013 թվականի հուլիսի 31֊ին։ Դատարանը լրագրողին դատապարտել է չորս տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով Ադրբեջանի ՔՕ 221.3 (խուլիգանություն` զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի կիրառմամբ) հոդվածով։ Քննության ողջ ընթացքում լրագրողը հերքել է իրեն ներկայացված մեղադրանքը՝ հայտարարելով, որ իրեն հետապնդում են քաղաքական շարժառիթներով։

Նրա խոսքով՝ ձերբակալման իրական պատճառը իր՝ «Հուլիսի 22՝ ազատ ու ազգային մամուլի վերջին օրը» հոդվածն է եղել։ Հոդվածում Ալիբեյլին պնդում էր, որ իրականության մասին գրողները հայտնվում են ճաղերի հետևում, իսկ ծախված մամուլը պարգևատրվում է գումարներով ու բնակարաններով։ Լրագրողը ադրբեջանական մամուլի թշնամիներ էր անվանել «իշխանության եկած կազմակերպված հանցավոր խմբին», հայտնում է Contact.az կայքը։

Ձերբակալությունից հետո ի պաշտպանություն Ալիբեյլիի հանդես էին եկել մի շարք տեղի ու միջազգային իրավապաշտպանական կազմակերպություններ։ Contact.az֊ն ընդգծում է, որ Ալիբեյլիին պաշտպանող ակտիվիստներից շատերն իրենք են արդեն հայտնվել ճաղերի հետևում։

«Չի բացառվում, որ Ալիբեյլին ապագայում կհայտնվի համաներման արժանացածների ցուցակում, ինչպես որոշ այլ քաղբանտարկյալներ, որոնք կառավարության շուրջ համախմբվելու կոչ են անում»,֊ եզրափակում է կայքը։