Home / Հայաստան / Վարչապետը կարգադրել է ՓՄՁ-ների գույքագրման պահանջը երկարաձգել մինչև 2015թ. փետրվար

Վարչապետը կարգադրել է ՓՄՁ-ների գույքագրման պահանջը երկարաձգել մինչև 2015թ. փետրվար

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր բողոքի ակցիաներ անցկացնող փոքր և միջին ձեռնարկատերերի (ՓՄՁ) հետ հանդիպումից հետո կարգադրել է նոր օրենքի նախագիծ մշակել և ներկայացնել Ազգային ժողով: Նախագծով նախատեսվում է խնդրո առարկա «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքում նշված գույքագրման պահանջը 2014 թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակից երկարաձգել մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը: Նշենք, որ օրենքը պարտադրում է փոքր և միջին ձեռնարկատերերին գույքագրել ունեցած ողջ ապրանքը, ինչն էլ բողոքողների դժգոհության առարկաներից մեկն է եղել:

Ժամկետի փոփոխությունը կառավարությունը բացատրում է «տնտեսվարողների մոտ առկա բազմաթիվ անուն ապրանքների պարագայում՝ գույքագրման ձևանմուշում լրացման համար պարտադիր մեծ ծավալի տեղեկատվությամբ» և  «տնտեսվարողների հիմնական մասի մոտ նման ընդգրկուն ձևանմուշների լրացման հմտությունների պակասով»:

Համաձայն ՀՀ կառավարության կայքի, վարչապետը նաև հանձնարարել է քսանօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ գույքագրման ձևանմուշը հնարավորինս պարզեցնելու, տնտեսվարողների շրջանում գույքագրման գործընթացի պատշաճ կազմակերմանն ուղղված անհրաժեշտ ուսուցողական դասընթացների անցկացման և այլ անհրաժեշտ վարչարարական քայլերի վերաբերյալ:

Նշենք, որ շրջանառության հարկի դեմ բողոքողները ակցիաների ընթացքում բազմիցս նշել են, որ հնարավարություն չունեն գույքագրել ողջ ապրանքը, քանի որ խոշոր մատակարարները հաճախ նրանց չեն տրամադրում հաշիվ-ապրանքագրեր, բացի դա ողջ ապրանքը գույքագրելու դեպքում իրենց շրջանառությունը անցնելու է օրենքով նախատեսված նվազագույն շեմը՝ 58.3 միլիոն դրամը, որից հետո նրանք ստիպված են լինելու ԱԱՀ վճարել, ինչն էլ անհնար է դարձնում փոքր և միջին ձեռնարկատերերի հետագա աշխատանքը: Նրանցից ոմանք պահանջում ենբ կտրուկ բարձրացնել շեմը, մյուսները՝ ընդհանրապես չեղյալ համարել նոր օրենքը: