Home / Հայաստան / Արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը կմասնակցի հանրահավաքին․ տպագիր ԶԼՄ֊ների վարկածները

Արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը կմասնակցի հանրահավաքին․ տպագիր ԶԼՄ֊ների վարկածները

Հայաստանյան տպագիր մամուլի ուշադրության կենտրոնում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հնարավոր մասնակցությունը ոչ իշխանական ուժերի հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին։

«Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀԱԿ, ԲՀԿ կամ «Ժառանգության» առաջնորդները մասնակցելու են հանրահավաքին՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկել է «սպասել, տեսնել»։

«Ինչո՞ւ եք այդքան անհամբեր, հոկտեմբերի 10-ը տոն օր է, պատմական օր է, եկեք, մասնակցեք, կտեսնենք, ինչո՞ւ եք ամեն ինչ ուզում նախապես իմանալ», ֊ ասել է Զուրաբյանը։

«Հրապարակ»֊ը գրում է, որ թեև եռյակը պահում է ինտրիգն ու հոկտեմբերի 10-ի հանրահավաքին առաջնորդների մասնակցության փաստը չի բացառում, սակայն ԲՀԿ-ում կասկած չունեն, որ իրենց ղեկավարը չի մասնակցելու:

«Եթե Գագիկ Ծառուկյանն այս փուլում «լուրջ չի համարում խոսել» սահմանադրական բարեփոխումների մասին, այդ մասին չի խոսելու, ինչպե՞ս կգնա-կկանգնի Ազատության հրապարակի հարթակում՝ զարմանում են ԲՀԿ-ականները՝ մեր հարցը «միամիտ» համարելով», – գրում է թերթը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ իրեն լուրեր են հասել, թե Գագիկ Ծառուկյանն ու ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ եթե հոկտեմբերի 10-ին Երևանի Ազատության հրապարակում 30 հազարից ավել մասնակիցներ լինեն, Ծառուկյանը կընդունի առաջին նախագահի առաջարկը և կոշտ պահանջներով հարթակ կբարձրանա:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է այս առնչությամբ պարզաբանումներ ստանալ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից.

«Նախ հանրահավաքը հրավիրվում է ոչ միայն ԲՀԿ-ի, այլև Ժառանգության և ՀԱԿ-ի, ինչպես նաև՝ բազմաթիվ արտախորհրդարանական կուսակցությունների, քաղաքացիական նախաձեռնությունների կողմից:

Երկրորդ՝ հանրահավաքը այսպես, թե այնպես լինելու է բազմամարդ: Եվ երրորդ՝ օրակարգ ձևավորողը հենց հանրահավաքի մասնակից քաղաքացին է լինելու»,- ասել է նա:  

«168 ժամ» պարբերականը գրում է, որ ԲՀԿ-ին մոտ կանգնած իր աղբյուրները հավաստիացնում են, որ Ծառուկյանը մասնակցելու է հանրահավաքին: Ըստ այդ տեղեկությունների, Ծառուկյանի մասնակցության մասին չի հայտարարվում ինտրիգը պահելու և այս հարցի շուրջ հետաքրքրությունը շարունակական դարձնելու համար:

«Ավելին, հանրահավաքի գլխավոր հարցը դառնալու է իշխանափոխությունը, և չի բացառվում, որ այդ պահանջին հասնելու համար հոկտեմբերի 10-ին հայտարարվի անժամկետ նստացույցի և շարունակական հանրահավաքների մասին», ֊ գրում է թերթը: