Home / Հայաստան / Դեղերի դրոշմապիտակավորման պահանջը կարող է արտահանողների համար խնդիր ստեղծել

Դեղերի դրոշմապիտակավորման պահանջը կարող է արտահանողների համար խնդիր ստեղծել

Արտասահմանյան պետությունների վերահսկող մարմինները կարող են թույլ չտալ Հայաստանից դեղերի ներմուծումը, եթե փաթեթավորման տուփի վրա հայտնվեն ավելի վաղ չնախատեսված դրոշմապիտակները։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը։

Նշենք, որ, համաձայն «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի, պարտադիր դրոշմապիտակավորումը ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 31֊ից։

Զաքարյանն ընդգծել է, որ ողջ աշխարհում դեղամիջոցների արտադրությունն ու ներմուծումը հատուկ ուշադրության կենտրոնում է գտնվում, ստուգում են ոչ միայն բաղադրությունը, այլև փաթեթավորումը, ու եթե տուփի վրա ինչ֊որ փոփոխություններ տեսնեն, դեղամիջոցը կարող են հետ ուղարկել, նշել է Զաքարյանը։

Հայաստանում գործում է դեղ արտադրող 17 ընկերություն, որոնց կեսը նաև արտահանող է։ ՀՀ կառավարությունը նոր օրենքով պարտադրում է արտադրողին դեղերը դրոշմապիտակավորել, սակայն, Զաքարյանի խոսքով, մի շարք խնդիրների մասին չի խոսում։

Նա ընդգծել է, որ Հայաստանից ուղիղ արտահանման դեպքում դրոշմապիտակը պարտադիր չէ, բայց հաճախ դեղը արտահանում է երրորդ ընկերություն, ու այդ դեպքում դրոշմապիտակը պարտադիր է։

Հայաստանը 2013 թվականի ընթացքում 6,55 միլիոն դոլարի դեղ է արտահանել, ինչը 2012 թվականի ցուցանիշից 11% ավելին է։ Հիմնականում դեղերն արտահանվում են ԽՍՀՄ նախկին հանրապետություններ։