Home / Հայաստան / Իրականանում է վատագույն սցենարը․ Հրանտ Բագրատյանը՝ տնտեսության մասին․ «Ազատություն»

Իրականանում է վատագույն սցենարը․ Հրանտ Բագրատյանը՝ տնտեսության մասին․ «Ազատություն»

Ռուսաստանից Հայաստան եկող դրամական փոխանցումների ծավալը կտրուկ կերպով նվազել է, ինչը, համաձայն ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, բացասական հսկայական ազդեցություն կունենա հայաստանյան տնտեսության, մարդկանց կենսամակարդակի վրա։ Այս մասին Բագրատյանն ասել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում։

Հայաստանի կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա օգոստոսին նախորդ օգոստոսի հետ համեմատ ֆիզիկական անձանց՝ բանկերի միջոցով դրամական փոխանցումները կրճատվել են ավելի քան 9 տոկոսով (2014թ․ օգոստոսին Ռուսաստանից Հայաստան փոխանցվել է 167.7 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2013թ․ օգոստոսի 184.4 միլիոնի դիմաց):

Ընդ որում, դրամական փոխանցումների կրճատվելը աստիճանաբար ահագնացող բնույթ է ստանում․ եթե այս մայիսին՝ նախորդ մայիսի հետ համեմատած, քիչ էր փոխանցվել` ընդամենը 1.1 տոկոս, հուլիսին՝ նախորդ հուլիսի հետ համեմատած` 3.9 տոկոս, ապա օգոստոսին անկումը արդեն կազմել է ավելի քան 9 տոկոս։

Հրանտ Բագրատյանի խոսքով՝ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները էական նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության համար։

«Տնտեսական աճի դանդաղեցում, կենսամակարդակի անկում, – փոխանցումների նվազման բացասական հետևանքները թվարկել է Բագրատյանը, – միակ լավ բանը, որ կարող է տեղի ունենալ, կարող են մի փոքր գներն անկում ապրեն, բայց գնանկումը շատ վատ բան է տնտեսության համար։ Ավելի լավ է գներն աճեն»։

Պատգամավորը հայտարարել է, որ կառավարությունը դժվար թե կարողանա ապահովել այս տարի իր խոստացած 4 տոկոս տնտեսական աճը:

«Բացի դա, տարեվերջին մենք լուրջ խնդիր կունենանք բյուջեն կատարելու առումով։ Ցավոք սրտի, իրականանում է վատագույն սցենարը։ Մենք տեսնում ենք, որ աճի տեմպը մնում է 3 տոկոսի շրջանակներում՝ փոքր ինչ փոփոխություններով»,- ասել է Բագրատյանը:

Նախկին վարչապետը հերթական անկումը պայմանավորում է երեք հիմնական գործոններով։

«Ներքին՝ ռեֆորմների իսպառ բացակայությունն է, արտաքին՝ մենք ինտեգրվում ենք մի տնտեսական տարածքի՝ Եվրասիական տնտեսական միությանը, որտեղ կան որոշակի առավելություններ, բայց թերություններն ավելի շատ են։ Երրորդ՝ իհարկե, եվրաինտեգրումից հրաժարվելու դեպքում, Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու պարագայում Եվրամիությունը, որը մեր հիմնական արտահանման շուկան էր, աստիճանաբար սկսում է սառել», ֊ նշել է նա։