Home / Հայաստան / ԵՏՄ֊ին անդամակցելը կնվազեցնի ՀՀ֊ում մամուլի ազատության մակարդակը․ փորձագետներ

ԵՏՄ֊ին անդամակցելը կնվազեցնի ՀՀ֊ում մամուլի ազատության մակարդակը․ փորձագետներ

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը խոսքի ազատության առումով շատ տխուր հետևանքներ կունենա երկրի համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք են հայտնել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Աշոտ Մելիքյանը համեմատական է անցկացրել Հայաստանում և ԵՏՄ անդամակցող մյուս երկրներում խոսքի ազատության մակարդակների միջև։ Փորձագետի խոսքով՝ Հայաստանը շատ ավելի լավ դիրքում է գտնվում այդ առումով, և միության անդամներ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը շատ բան ունեն սովորելու Հայաստանից, թե ինչպես, օրինակ, վերաբերվել ինտերնետին։ Նա, մասնավորապես, հիշեցրել է, որ Հայաստանում կանխվել է խոսքի ազատության դեմ մի օրինագիծ՝ «ֆեյքերի» մասին օրենքի նախագիծը։ ԵՏՄ մտնելուց հետո նման սահմանափակող օրենքներ ընդունելն ավելի հեշտ կլինի։

Լևոն Բարսեղյանն ասել է, որ ԵՏՄ֊ին անդամագրվելուց հետո ամենահոռետեսական սցենարի դեպքում Հայաստանում մամուլը կհայտնվի այն վիճակում, ինչ Ռուսաստանում է։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանում բազմակարծության մասին խոսք լինել չի կարող և այնտեղ լրատվամիջոցները, նույնիսկ ռուսաստանցի փորձագետների գնահատմամբ, «Վլադիմիր Պուտինի լրատվական զենքն են»։

Ամենալավատեսական սցենարի դեպքում, ըստ փորձագետի, Հայաստանին կթույլատրվի մամուլի ազատության որոշակի մակարդակ պահպանել։

«Կասեն, ասեք, խոսեք ինչքան ուզում եք, մի բուռ ժողովուրդ եք, մեր զորքերը ձեր երկրում են, ձեր տնտեսական հոսքերը տեսնում ենք, ԿԳԲ֊ն էլ բոլորիդ հեռախոսների մեջ է»,֊ նշել է Բարսեղյանը։

Նրա կարծիքով, սակայն, Հայաստանում լրագրողների վիճակը հիմա էլ նախանձելի չէ։ Վերջին երեք տարիներին գրանցվել է լրագրողների դեմ բռնության 250 դեպք, սակայն միայն 4֊ի դեպքում է հետաքննություն անցկացվել։ 

Լուսանկարը՝ eurasianews.md