Home / Հայաստան / Նախարարի այցից հետո «Նաիրիտում» կրճատումներ են սկսվել․ «Ժողովուրդ»

Նախարարի այցից հետո «Նաիրիտում» կրճատումներ են սկսվել․ «Ժողովուրդ»

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ այցելությունից հետո գործարանի տնօրինությունը սկսել է լայն թափով կրճատումներ անել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Թերթը նշում է, որ նախարարը մոտ երկու շաբաթ առաջ կատարած իր այցելության ժամանակ խոստացել էր, որ առաջիկայում գործարանը կրկին կաշխատի, իսկ աշխատակիցները նորմալ կստանան իրենց աշխատավարձերը։

Երեկ կրճատումների մասով տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զրուցել է «Նաիրիտ»-ի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանի հետ, ով ըստ էության հերքել է լայնածավալ կրճատումների մասին տեղեկությունը։

«Կրճատման ծանուցագիր ուղարկվել է ընդամենը յոթ աշխատակցի։ Ամբողջ հինգ տարիների ընթացքում, երբ «Նաիրիտ»-ը չի աշխատել, կրճատվել է ընդամենը 1000 մարդ («Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն ներկայումս ունի 2267 ձևակերպված աշխատող, հարկադիր պարապուրդում՝ 1365 աշխատող֊խմբ․)», – ասել է Հարությունյանը։

Թերթը հավելում է, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները վերջին անգամ աշխատավարձ են ստացել սեպտեմբերի 15-ին, սակայն աշխատակիցներից շատերը չեն հիշում, թե դա 2012 թվականի հատկապես որ ամսվա աշխատավարձն է։ Գործարանի մամուլի խոսնակը դժվարացել է պատասխանել, թե երբ կտրվի հաջորդ աշխատավարձը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում