Home / Տեսանյութեր / Լրագրողի ձայնագրիչը խլած Ղազախստանի հայ համայնքի ղեկավարը կարող է տուգանվել

Լրագրողի ձայնագրիչը խլած Ղազախստանի հայ համայնքի ղեկավարը կարող է տուգանվել

ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։ Բողոքը ներկայացրել էր «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Թագուհի Հովհաննիսյանը հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։

Ավելի վաղ լրագրողը պատմել էր, որ այդ օրը Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքում՝ «Հայաստան-Սփյուռք» համաժողովի աշխատանքների լուսաբանման ընթացքում, Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ասոցիացիայի ղեկավար Արտյուշա Կարապետյանն իր ձեռքից խլել էր ձայնագրիչը։ Դրանից հետո Կարապետյանը կարգադրել է իրեն ուղեկցող անձանց վերցնել լրագրողի հեռախոսը։ Նրանցից մեկը, որի բեյջի վրա գրված է եղել «Աբրահամյան Ա», խլել է հեռախոսը, ջնջել նկարահանված նյութը, ապա վերադարձրել այն։

Համաձայն քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը)։

Եթե քննությունը Կարապետյանի մեղքն ապացուցված համարի, ապա նա կպատժվի նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով։