Home / Տեսանյութեր / Հայաստանին պարտադրվելու են քաղաքական կայսրության խաղի կանոնները․ ԵՏՄ-ի մասին

Հայաստանին պարտադրվելու են քաղաքական կայսրության խաղի կանոնները․ ԵՏՄ-ի մասին

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցելու դեպքում դատական իշխանության անկախության մասին կարելի է մոռանալ։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնի» կազմակերպած քննարկմանն ասել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։

Նրա խոսքով՝ ԵՏՄ֊ի միտքն ամբողջովին քաղաքական է, և դրա նախաձեռնողը քաղաքական կայսրություն ստեղծելու ծրագիր ունի, որտեղ գործելու են քաղաքական խաղի ընդհանուր կանոններ և պարտադրվելու են միության բոլոր անդամներին։

«Այդ պայմաններում կարելի է մոռանալ Հայաստանում դատական իշխանության և մարդու իրավունքների մասին»,- ասել է Իշխանյանը՝ հույս հայտնելով, որ կառույցը, այնուամենայնիվ, չի կայանա կամ, կայանալու դեպքում, մեռած կլինի, ինչպիսին ԱՊՀ֊ն էր։

Իրավապաշտպանի խոսքով՝ ԵՏՄ֊ի անդամ երկրները կամ բռնապետական երկրներ են, ինչպիսին Բելառուսն է, կամ դեպի բռնապետություն ձգտող, ինչպիսին Ռուսաստանը և Ղազախստանն են։

«Այս երկրներում գործում է միապետի կամքը, և այդ կամքով է որոշվում՝ ով պետք է դատապարտվի, ով՝ ոչ», ֊ ասել է Իշխանյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում թեև չկա անկախ դատական իշխանություն, սակայն կար հույս, որ այն մի օր կբարեփոխվի, իսկ ԵՏՄ մտնելու դեպքում դրա մասին ևս կարելի է մոռանալ։

Քննարկման մասնակից, «Իրավունքի պաշտպան առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանն էլ նշել է, որ Հայաստանի՝ Եվրոպական միությանը միանալու նախապայմանների և համաձայնագրի ստորագրման համար ձեռնարկած գործողությունների շրջանակներում երկրի առջև դրվեցին դատական իշխանությունների բարեփոխումների պահանջները, և գոնե օրենսդրական մակարդակով որոշ փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվեցին։

«Փաստացի մենք ունեինք պետության առջև դրված պարտավորությունների կատարման գործողությունների ծրագիր, որոնցով տեսանելի երևում էր, որ որոշ ժամանակ անց մենք գոնե դատական իշխանության բնագավառում պիտի ունենանք մի վիճակ, որում մարդու իրավունքների պաշտպանվածությունը պետք է ապահովված լինի» ֊ ասել է Հարությունյանը։

Նրա խոսքով՝ Մաքսային միությանը միանալու պայմանագրի նախապայմանների մեջ բարեփոխումների նման փաթեթ և պայման առաջադրված չէ։

«Պայմանագրի մեջ ներկայացվում է, որ անդամ պետությունները պետք է համապատասխանեցնեն իրենց իրավական ընթացակարգերը։ Եթե համեմատենք անդամ պետությունների իրավական դաշտերը, ապա իրավիճակը մխիթարող չէ։ Դատական իշխանությունների ոլորտի հետ կապված պայմանները հենց Ռուսաստանում այնպիսին չեն, որոնց համապատասխանելու դեպքում առաջընթաց ենք ապահովում», ֊ ասել է Հարությունյանը։